Դա բոլշևիկ Կարոյի ընտանիքն էր։ «Խումբերը» վաղուց Կարոյին բանտն էին դրել, որովհետև նա ընդդիմացել էը խմբապետի հրամանին, անպատվել էր կառավարությանը և գովաբանել «շեկ ռսին»։ Նրան բանտարկելուց հետո տունն ու ապրանքը թալանել, կերել էին ու հիմի էլ թե ինչ էին ուզում տանը մնացած խեղճ կնկանից ու երեխաներից, ոչ ոք բան չէր հասկանում։
Խավարի մեջ հազիվ նշմարվում էին ձիու ոտները, որոնք ստվերների պես անցնում էին գյուղի միջով, օղակի մեջն առած Կարոյի կնոջն ու երեխաներին։ Կարոյի կինը՝ Սալոն, որ մարդուց պակաս համարձակը չէր, հենց որ գյուղամեջ հասավ, բարձր ճչաց.
— Կոտորվեցեք, էլի, ա՛ խալխ, կոտորվեցե՛ք, էլ ո՞ր օրվա համար եք պահում ձեր նամուսը, որ եկել են գեղի ծերին ընկած անմարդ, անպաշտպան տանը վրա տվել, մի խեղճ կնիկ գտել ու երեխանց հետ տանում են, թե կոտորեն...
Ձիավորներից մեկը մտրակելով Սալային, վրան գոռաց.
— Ձենդ կտրի՛, անզգամ լաչա՛ռ, մարդով-կնկանով, տնով-տեղով բոլշևիկ եք դաոել, ո՛չ իշխանություն եք ճանաչում, ո՛չ օրենք ու զակոն։
— Ձեզ պես անօրենների հախից եկող ա իմ մարդը, որ հիմի տարել եք ոտն ու ձեռը բխովել։ Բալշևիկ եք շինել մեզ, բա ո՞նց բալշևիկ չդառնանք...
Սալոն ու ձիավորները էսպես կռիվ տալով հասան Կիկոսի տուն և գոռգոռալով դուրս կանչեցին Կիկոսին:
Կիկոսի կնիկը՝ Թազագյուլը, դուրս եկավ տանից ու չիմանալով ում հետ գործ ունի, ասաց. «Գեղի ջահել–ջհուլը Կիկոսին տարան բալշևիկ զորքի առաջը, հրես ուր որ ա նրանց հետ կգա»։
— Քանդեցեք այս որջը,— հրամայեց մեծավորը։
Երեք զինվոր ցած թռան և Կիկոսի տունը, մարագը, գոմը սկսեցին խուզարկել։ Նրանք չէին հավատում, թե Կիկոսը տանը չի, կարծում էին՝ պահված, թաքնված է։
Խեղճ Թազագյուլը վրա էր պրծնում էս ու էն առարկան խլում զինվորների ձեռքից, որոնք խուզարկության միջոցին թալան էին անում, իսկ Սալոն նրան սիրտ էր տալիս.