Կիկոսը գտել էր Իվանին, որը նրան նստեցրել էր իր կողքին, շարժական խոհանոցի վրա և հետը ձեռով-ոտով զրույց էր անում։ Կիկոսը դառել էր մի երանելի մարդ, որին նախանձում էին գյուղի ջահելները, որ էնպես լավ ծանոթություն ունի բոլշևիկների հետ։ Իսկ Կիկոսը՝ սիրտը կոտրած, որ չի կարողանում պատմի Իվանին իր գլխի եկածը, մի գլուխ էն էր ասում.
— Ա՜խ, Իվան ջան, թե մի լեզուս կհասկանա՜ս, ինչե՜ր չեմ պատմիլ քեզ...
Բոլշևիկ զորքի շտաբի պետը զանազան կարգադրություններ էր անում, որ գյուղում անկարգություններ չպատահեն։ Մինչև լույսը բացվելը նա տեղավորվեց նախկին շտաբի տանը, ապա անմիջապես հեռախոսային կապ հաստատեց առաջապահ գնդի հետ, որ հալածում էր թշնամուն, և իր մոտ կանչելով այն ջահելներին, որոնք դեռ շարունակում էին գյուղում զուռնա-դհոլով ցնծալ, պատվիրեց, որ գյուղում մի խելքը գլխին մարդ գտնեն, որ ո՛չ նախկին քյոխվա լինի, ո՛չ էլ ստրաժնիկ, այլ հասարակ ռանչպար գյուղացի, որ կարողանա գյուղը կառավարի։
Ջահելները շվարեցին։ Գյուղում թե վերջերս մի էդ տեսակ մարդ կար, էն էլ Կարոն էր, որին բանտարկել էին ու ով գիտե, թե ուր տարել։ Հիմի ո՞վ կա, որ ում ջոկեն... միտք արին, միտք, ու մին էլ տղաներից մինը թե՝
— Տղերք, եկեք մի բան ասեմ, համա վրես ծիծաղեք ոչ։
— Ի՞նչ,— հետաքրքրությամբ հարց տվին ամենքը։
— Էս որ մեզանից մարդ ա ուզում, եկեք Կիկոսին ջոկենք. էն մարդը համ նրանց հետ ծանոթ ա, համ էլ իր օրում իսկի գզիր էլ չի եղել. ինքն էլ հալալ ռանչպար մարդ ա. թող նա՛ կառավարի, ինչ որ կհրամայեն՝ էն էլ կանենք... Տեհա՞ք, որ Կիկոսին տեսան թե չէ, ոնց ուրախացան... էն Իվանն էլ առավ ու իր դրոժկի վրա նստացրեց...
— Էդ լավ ես ասում համա... — առարկեց մեկը,— վախենում եմ սաղ խալխի մասխարեն դառնանք, ախր ի՞նչ կասեն, թե փլան գեղի կառավարիչն ո՞վ ա... Կիկոսը...
Մինչ ջահելները միտք էին անում, Կիկոսը Իվանին խնդրեց, պաղատեց, որ բրիչկեն քշի իրենց տան դուռը,