կողմ խաթրով, Կիկոսին առաջ արին գյուղամեջ, իրար հետ խոսք կապելով, ոք ամեն կերպ աշխատեն Կիկոսին համոզեն գյուղի կառավարիչ դառնալու։
Շուտով էս ու էն թաղից սկսեցին հավաքվել գյուղամեջ։ Կանայք քաշվել էին մի անկյուն և ուշադրությամբ դիտում էին կարմիրբանակայիններին։ Ծերունիներից ոմանք նստել էին քարերի վրա ու չիբուխ էին ծխում, իսկ ջահելներն էլ աննպատակ վազվզում էին ու աղմկում։
Գյուղացիներից ոմանք, որ մինչ այդ սարսափելի առասպելներ էին լսել բոլշևիկ զորքի արարքների, նրանց թալանների ու ավերմունքների մասին, զարմանում էին, թե ինչու այդքան հանգիստ ու խաղաղ էին պահում իրենց, ոչ մի մարդու վատ խոսք չէին ասում, ոչ էլ տանից հաց դուրս քաշում կամ ապրանքը զոռով գոմից հանում։ Իսկի կռվող թշնամու զորքի նման չէին։ Զորքի մեծ մասը հայերից էր, այն էլ շատերը ծանոթ, իրենց հայրենակից, մոտիկ գյուղերից:
Շտաբի մեծավորը դուրս եկավ, մոտ կանչեց բոլորին և ճառի փոխարեն սկսեց զրույց անել գյուղացիների հետ, ոնց որ նրանցից մեկը։ Ո՛չ բարձր գոռգոռում էր, ո՛չ ոտներով տափը թակում, ո՛չ ճահճի մեջ ընկածի պես ձեռները թափահարում։ Մի քարի վրա նստած հանգիստ, կես հանաքով, կես լուրջ խոսում էր նոր իշխանության, նրա նպատակների ու անելիքների մասին։
Գյուղացիք, որ սովոր էին իշխանավորի մեջ անպատճառ բռունցք ու մտրակ տեսնելու, հայհոյանք ու սպառնալիք տեսնելու, մի խոսքով՝ այն ամենը, ինչ որ վախ ու երկյուղ է առաջ բերում մարդու մեջ, հետաքրքրությամբ հետևում էին էս նոր տեսակի, «իրանց ղայդի» խոսողի ամեն մի բառին ու սիրտ առած հարցեր էին տալիս։
Զրույցն աշխույժ կերպարանք էր ընդունել։ Կանայք, որ մինչ այդ հեռու քաշված էին, նրանք էլ մոտեցան և մինչև անգամ հարցեր տվին։ Իհարկե, ամբողջ խոսակցության նյութը գյուղի ու գյուղացիների ցավն էր, իսկ էդ ցավերից ամենամեծը՝ խաղաղության ու Ադրբեջանի միջով դեպի կայարան ճանապարհ բաց անելու հարցն էր։
― Հիմի, աղա՜... — ծոր տվեց մի ծերունի...