— Աղա չէ, ընկե՛ր։ Ընկեր պետք է ասեք. մեր մեջ աղա չկա, հայրիկ,— ընդհատեց մեծավորը։
— Լավ ես ասում, բալա ջան, լավ հնգերը օխան ախպորիցը լավ ա, դու էլ մեր ղայդի մարդ ես երևում, հպարտ ու գոռոզ չես, շատ ապրես, որ մեր էրված սրտին մխիթարանք ես եկել. թե որ բալշևիկ են ասում դիփն էլ քեզ պես են, հնգեր էլ եք, ախպեր էլ։ Հա, էն էի ասում։ Էդ ինչ որ զրից արիր, շատ հավան ենք։ Ես պառավ, մի ոտս գերեզմանում մարդ եմ, գլխովս շատ փորձանք անցկացած... Հրես էս ժամը ինչ ա, ժամը որ ասում են աստծու տունն ա, էս ժամի տերը՝ մեր տերտերն էլ ա շատ քարոզ տվել, համա մի բան էլա մեր աչքովը տեհել չենք. էնքան թերահավատ եմ դառել, որ քիչ ա մնում հոգիս կրակը գցեմ, աստոծս ուրանամ։ Ջուխտ-ջուխտ տղերքս սարի պես կանգնած, կռիվ տարան, թագավորի թախտը բաթմիշ ըլի, ինչ բաթմիշ էլավ։ Հույսս կապել ի աստծուն, ամեն մի տղիս ուղուրին մի–մի աչառ մատաղ մորթեցի, որ աստոծ նրանց հարամ գյուլլի ըռխիցն ազատի... Համա տղերանցս տեղ՝ նրանց սև գիրն եկավ, տունս քանդվեց, դուռս երեսիս փակ մնաց...
Ծերունու ձայնը կերկերաց, ու աչքերիցը երկու խոշոր կաթիլ արցունք կախվեց, որը չուխայի թևքովը սրբելով շարունակեց.
— Բալա ջւսն, սիրտս փուլ եկավ, կբախշես, պառավել եմ, սիրտս ամեն բանի չի դիմանում։ Հենց կիմանաս, թե իմ ցավն եմ սգո՞ւմ, չէ՛, բալա ջան, էսքան խալխի մեջ մեկը չկա, որ սիրտը դաղված չըլի։ Հրես, է՜, էս խիզանի, էս կնանոնց միջին մինն էլա կա ոչ, որ յա տղեն, յա մարդը, յա ախպերը կորած չըլի... Դիփս էլ էրված ենք... Հիմի էլ դուք եք եկել, լավ եք արել, բարով եք եկել, մեր երեսը ձեր ոտի տակը... Խոսալդ էլ իրան կարգին, համա ասա՝ էս կռիվներին մի տուտ, պուճախ, մի վերջ, մի հատնելիք, մի ծեր կա՞, թե քանի սաղ ենք, պետք ա իրար ջնջենք... Չե՛ս գիդում, է՜, չե՛ս գիդում, թե ինչ ենք ուզում։ Ուզում ենք, որ էլ թվանքի տրաքոցի ձեն չիմանանք, պատրոնը երազ դառնա, բարութն էլ դարմանի համար ման գանք, գտնենք ոչ։ Ասում ես՝ ի՛նչ ա մեր ցավը, ա՜յ, էս ամենամեծը։ Թե որ կռվին վերջ կտաք, ես իմ պառավ տեղովը կուրանամ երկինք ու