Այս էջը հաստատված է

Ամեն օր գյուղում մարդ էր թակվում։ Մեղավոր ու անմեղ չէր ջոկվում, ով զոռ ուներ, իրենից թույլի գլուխը կոտրում էր։ Մենակ Կիկոսն էր, որ, ինչպես ասում են, «գլուխը փեշումը դրած», իրեն բանին էր։ Նրա հետ անկարելի էր կռվել. նա լավ էր պահում իր գլուխը. ինչ-որ ասում էին, անում էր, ինչ խոսում էին, համաձայնում էր կամ սուսուփուս քաշվում մի կողմ։ Իսկ եթե բան ու գործից գցում էին, ժողովի կանչում, լուռ նստում էր ու քնում։ Տանն էլ կնիկը թե որ վրեն ճղճղար, թե Կիկոսը գյուղի ոչ մի բանին չի խաոնվում, նա հանգիստ պատասխանում էր.

— Որտեղից բարակ ա, էնտեղից էլ կկտրվի, կնի՛կ. Կիկոսը որ էնքան ղոչաղ ըլի, իրան գլուխը պինդ պահի, թակել չտա, էդ էլ մեծ հունար ա...

III

Ամեն բանի խառնված ժամանակն էր։ Գյուղացիք ստեղծված դրությունից դուրս գալու համար ո՛չ մի ճար, ո՛չ մի հնար չէին գտնում, երբ մի օր էլ գյուղում լուր տարածվեց, թե հայոց թագավորություն է ստեղծվել։ Ամենքն ուրախացան։ Մանավանդ գյուղի մեծամեծները։

Ժամում պատարագ արին, քարոզ խոսեցին, ժամից դուրս մաղթանք ու թափոր կազմեցին, օր ու կյանք մաղթելով հայոց թագավորին ու թագավորությանը։

Լուրն ստանալու երկրորդ օրը մի մարդ եկավ, ճառ ասաց, գովեց հայոց անկախությունը ու երբ ճառը վերջացրեց, հարցուփորձ արեց, թե գյուղացիք ինչ ցավեր ունեն։

Գյուղը միբերան էն էր խնդրում, որ ճանապարհները բաց անեն։

— Լավ,— ասաց ճառախոսը,— կկատարեք կառավարության հրամանները, ճամփաները կբացվեն։

— Ինչ որ հրամայեք, կանենք, թեկուզ մաղով ջուր կրել տաք, միայն թե մեզ ազատեք խավարից ու տկլորությունից։

Ճառախոսը գնաց. իսկ գյուղացիք սպասում էին անհամբեր, երբ մի շաբաթից հետո հրաման եկավ, թե գյուղում ում ոտը բռնում է, 7 տարեկանից մինչև 70-ը, պետք է կռվի դուրս գա, որ թուրքերին կոտորելով ճանապարհը բաց անի դեպի երկաթուղու կայարան ու քաղաք։