— Էն ի՞նչ ես խոսացել և-ևս Եփրեմի հետ։ Կիկոսը շշկլվեց։ Չէ՞ որ երկուսով էին եղել խոսելիս ժամի պատի տակ, սա՞ որտեղից է լսել։
— Բան չեմ ասել, Դավիթ ջան, ժամի մասին ենք քիչ զրից արել, վնասակար բան չեմ ասել։
— Դե, տանդ վեր կընկնես ու էլ դուրս չես գա, թե չէ, որ մին էլ քեզ տեսել ենք էդ Եփրեմ-զադի հետ, թամամ որ «և-ևս» կանենք։
Կիկոսը թուքը-մուքը ցամաքած տուն մտավ ու կնկանը պատմեց, թե ինչպես յաչեյկա Դավիթը իմացել ա իր խոսակցությունը և-ևս Եփրեմի հետ։
«Սատանի ջինս են, ինչ են, էդ յաչեյկեքը, ամեն մի պուճախում աչք ու անգաճ ունեն...» — ինքն իրեն, բայց բարձր փնթփնթաց Կիկոսը, որին կինը գազազած պատասխանեց, թե ինչ–որ կոնտրիկ կա, բոլորին էլ բռնել գոմն են ածել։
— Ի՞նչ ա պատահել, կնիկ, գեղը խի՞ ա էլ ետ խառնվել, անջախ հալալ ապրուստի տեր ինք դառել։
— Հալալ ապրուստը գլխիդ դիպչի, չոռ ու ցավ ա պատահել, «խումբերը» էլ ետ Երևանը խլել են ու գալիս են դբա մեզ, դե տղա ես, հիմի դիմացի։ Բացվել ա, որ ամեն գեղի կոնտրիկ նրանց հետ կապ ա ունեցել, դրա համար էլ դիփանանցը բռնոտել են, ու լավ կըլի, որ շանսատակ անեն. անջախ էր հացներս հալալվել, էլի ուզում են հարամ մկան պես կարասն ընկնեն, մուրտառեն։
— Բա հիմի ասում ես, որ բանը խարաբ ա, էլի՞...
— Խարաբ ա, թե խարաբ չի, ըտհենց ա։
— Բա որ քեզ ասում ի, ա՛ կնիկ, թե տեղդ ծանր նստի, ո՞նց էր իմ խելքն ու քունը։ Ուզում իր, որ Ռևկոմ դառնամ։ Հիմի ո՞նց ես, որ գան ու էս քու Ռևկոմին ժամի զանգակատանից կախ անեն. բա ձեր կին-բաժինքը ի՞նչ ա շինում, դե դուս արի, դոշդ գյուլլին դեմ արա, է՜,— հեգնեց Կիկոսը.— մի քե՛զ էլ մտիկ, ինձ էլ, ետով բանի խառնվի, է՜։ Խի՞ չես ոտդ յորղանիդ գյորա մեկնում, հը՞... ո՞ւմ աղջիկն ես, յա ո՞ւմ կնիկը... Գիդում չե՞ս, որ ինչքան աշխարհը փոխվի, էլ էտ յումրուղը քյասիբի գլխին ա դիպչելու... Դե գնա՜ հիմի կին-բաժինք դառ, ինձ էլ Ռևկոմ շինի։ Եկել են, թե՝ Կիկոս, խի՞ ես երեցփոխ «և–ևս»–ի հետ ժամի կողքին զրից արել...