Այս էջը հաստատված է

Կնի՜կ, հրես «խումբերը» կգան, էլ ետ կսկսվի հին նաղլը...

— Ի՛հ, հողեմ ես նրանց գլուխը, սաղ ըլեն մեր պոպոզավորնին. հրես եկել են մեզ թև ու թիկունք։ Վա՜յ նրանց շաշ հալին կենա. ասում են՝ մեր տերտերն էլ ա նրանց հետ. փարաջեն հանած, պատրոնդաշնին ջուխտ-ջուխտ կապած գալիս ա։

— Կգա, բա գալ չի՞, տունը խլել, ժամը քանդել են, բա գալ չի՞...

— Ա՛ սևասիրտ,— ճչաց կինը,— ձենդ կտրի, կիմանան կտանեն իշախառանջի պես կսատկացնեն։

Կիկոսը նոր ուշքի եկավ, որ ավելորդ բաներ շատ է խոսել ու լեզուն բունը կոխելով թե՝

— Ա՜ կնիկ, արի չուլն ինձ տու, գնամ էս գիշեր գոմումը քնեմ, աշխարհիս խառնակ վախտն ա, կգան, ունենք–չունենք մի էշ ու մի կով, կառնեն կտանեն...

Ու մինչդեռ կինը հորդորում էր, որ մարդը տանը մնա, Կիկոսը հին կարպետն ուսին գոմը մտավ և կովի առաջը խոտ գցելով, մոտեցավ էշին ու սկսեց տխուր-տխուր պատմել նրան եղելությունը.

— Մի՞տդ ա, էշ ջան, էն «խումբերը»... էն որ մեզ իրարից ջոկեցին... Էն «խումբերը» էլ ետ գալիս են, ի՞նչ պտենք անիլ...

Ապա տեղավորվելով ախոռում, գլուխը մսուրին դրեց ու կես քնի մեջ մրմնջաց.

— Բալքի լավն էս ա՜... — ու քնեց։

Առավոտը Կիկոսը վեր կացավ ու հենց էն է՝ պատրաստվում էր, թե էշն առաջ անի ու հանդը գնա, երբ յաչեյկա Դավիթը եկավ և կանչեց գեղամեջ, ու մի քանի անծանոթ մարդ նստած քյոխվա Սարիբեգի առաջվա տան սենյակներից մեկում (որ հիմի յաչեյկայի ժողովատեղն էր), առաջները թղթեր դրած կարդում ու շուռ ու մուռ էին տալիս։

Մի մեծ դավթար բաց արին, թերթեցին ու մի երեսի վրա կարդալով Կիկոսի անուն-ազգանունը, ծնված թիվն ու էլի մի քանի մանրամասնություններ նրա կյանքից ու ապրուստից, հարց տվին, թե նա երեցփոխ Եփրեմի հետ ինչ է խոսել ժամի մոտ էն իրիկունը, որի մասին մենք արդեն գիտենք։