Այս էջը հաստատված է

Այս լուրը, որ հենց նոր էր ստացվել, ցնծություն էր առաջ բերել գյուղացիների մեջ, որոնք այնքան վախենում էին, թե կարող են նոր կռիվներ առաջ գալ և կրկին քանդել իրենց տուն ու տեղը, ապրուստը, կրկին փակել ճանապարհները և զրկել աղից, հացից, նավթից ու կտորեղենից։

Ճիշտ է, հեռու գյուղերում դեռ դիրք բռնածները չէին վերադարձել, էն կողմերը դեռ կռիվներ էին տեղի ունենում, բայց ընդհանրապես կյանքը խաղաղ վիճակի մեջ մտավ, և գյուղացիք սկսեցին սարքուկարգ անել մոտալուտ գարնան վարուցանքի համար։

XIII

Մի տարի էր անցել այն օրից, ինչ խորհրդային իշխանությունը գյուղ էր մտել և գյուղացիների «հացն ու ջուրը հալալել», ինչպես իրենք էին ասում։

Աշխատանքի ու վերաշինության մի տարերային շարժում էր սկսվել։ Գյուղը վերածնվում, վերանորոգվում, կազդուրվում էր։ Քաղաքն իր հերթին ուժեղ կապ էր պահպանում գյուղի հետ, աջակցում նրան իր հասարակական ու կուլտուրական շինարարության ասպարեզներում։ Բացվել էր խրճիթ-ընթերցարան, մի բան, որ միանգամայն նորություն էր գյուղի համար։ Այստեղ հավաքվում էին գյուղացիք աշխարհիս նորություններն իմանալու, լրագիր ու գիրք կարդալու։

Խորհրդայնացման առաջին տարեդարձի օրը գյուղում հանդիսավոր կերպով բացվեց գյուղի կոոպերատիվ խանութը, և հիմք դրվեց գյուղի բաղնիքին. խոսում էին նաև ամբողջ շրջանի կենտրոնում էլեկտրական կայան հիմնելու մասին։ Շրջանի կենտրոնում արդեն բացվել էր շրջանային հիվանդանոցը, որից շատ գոհ էին գյուղացիք, որ իրենց հիվանդներին այլևս մեծ տանջանքներով ու ծախսերով հեռու քաղաքները չեն տանելու։

Մի հարց կար միայն, որը դեռևս մնում էր հին ձևով. դա հողաբաժանման հարցն էր, որ գարնան դիմաց առաջ եկավ։ Գյուղացիք պահանջում էին, որ հողերը «շնչի» արվեն, եկեղեցուն պատկանող հողն անցնի դպրոցին, իսկ նախկին աղալարների, զոռբաների ու այսպես կոչված գյուղի