Թազագյուլը, որի ուրախությունն անսպասելի կերպով զայրույթի էր փոխվել մարդու տարօրինակ վերաբերմունքից, բարկացած հրեց Կիկոսին ու դեպի տուն ետ դառնալով փնթփնթաց.
— Ես էլ կասեմ մարդ ունե՜մ... Քու մերը, որ քու տեղը մի թի էր ծնել հու գոմն էլա քերելու պետք կգար...
Կիկոսը ոչինչ չպատասխանեց, նա իշի բեռն իջեցրեց, մեջքը տրորեց, տեղավորեց, ու փեշերը թափ տալով տուն մտավ։
Թազագյուլը կես-խռով, կես-նեղացած հաց դրեց նրա առաջ, բայց ավելի լավ կլիներ եթե հացի տեղ թույն դներ, որովհետև նա Կիկոսի գլխին հացը հարամ արավ, էնքան անիծեց, թուք ու մուր տվեց։
Կիկոսը համբերեց, համբերեց ու մեկ էլ հանկարծ գոռաց կնկա վրա.
— Մի ինձ ասա՛ տեսնեմ, քոռ Թևանի աղջիկ, էս տանտերը ե՞ս եմ, թե չէ...
— Քեզ պես տանտերը որ երեկ մեռել էր, էսօր երկու օր կլիներ...
— Ա՛ կնիկ, գժվե՞լ ես, թե կողքերդ քոր են գալի, վեր կենամ հրես կտրորեմ։ Ի՛նչ ա, ուզում ես էսքան տարվա պահած գլուխս թակել տա՞ս. ես ո՞վ եմ որ Վանո-բեգի հողը վարեմ, կոկոշդ դարդա՞կ ա, թե մեջը խելքից-զադից կա՜...
— Դու չես վարիլ, ես կվարեմ. ինձ տենո՞ւմ ես, ա՛յ, ես կվարեմ, ու Վանո-բեգի աչքն էլ քոնի հետ կհանեմ ու կվարեմ...
— Հա՜, էլի՛, կվարես ու էդ հարամ տափից դուրս եկած հացն էլ կուտես, յա Սումբաթովենք կթողան, որ դու ընդեղից հավի կուտ էլա բերես։
— Դե կտենաս կանե՞մ՝ թե չէ, թող անումս Թազագյուլ չըլի, թե որ էս աշունք ես էն տափի վրա իմ շինած բաղչիցը քյալամ ու խիար թթու չդնեմ...
— Ես էդ բանին համոզ չեմ ու հրես կգնամ իրան, Վանո-բեգին էլ կասեմ, որ ես համոզ չեմ։
— Դե թող քու ոտը Վանո-բեգի շեմքը կոխի ու տես, թե գլուխդ քանի տեղից եմ կոտրում։ Ես սաղ մի շաբաթ չալիշ