Ա՛ռ քեզ նոր տրաքոց... Ինչ էինք սպասում, ի՛նչ դուրս եկավ։ Գյուղը նորից տակնուվրա եղավ։ Կռիվ չէին ուզում. բայց ի՞նչ կարող էին անել, երբ հրամանի հետ զինված խմբեր ու խմբապետներ թափվեցին գյուղն ու սրան-նրան բռնելով զոռով կռիվ քշեցին։ Դիրքերում տրաք-տրաքոցն սկսվեց։
Կիկոսը, որ հանգիստ էշն առաջն արած ջրաղաց էր գնում, նրան էլ բռնեցին ու տարան խմբապետի մոտ. դուռը բանալով ներս հրեցին ու վրան փակեցին։
— Դու դեզերտի՞ր ես, հա՜...– գոռաց Կիկոսի վրա խմբապետը։
– Չէ՛, աղա, ես Կիկոսն եմ, Թոփալանց Կիկոսը։
– Ինչո՞ւ չես կռիվ գնացել։
— Ինձ բան ասող չի ըլել, որ հրամայես կգնամ, ինչ պետք ա ասեմ։
— Դե հրամայում եմ, գնա՛։
— Գլխիս վրա,— խոնարհ գլուխ տալով դուրս եկավ Կիկոսը, որին դուրսը «բերդանի» մի հին, ժանգոտած հրացան տվին։
Կիկոսը շվարած կանգնել էր «բերդանկան» ձեռքին պինդ բռնած ու չէր իմանում ինչ անի։ «Փառք աստծու, Կիկոսը թվանք էլ տեսավ»,— կամաց փնթփնթաց քթի տակ։ «Ասենք ամեն բանի կոռ տեսել եմ, համա կռվի կոռը չէի իմացել»,— միտք էր անում Կիկոսը։ Նա, որ իր կյանքում վառոդ էլ չէր փշտացրել, հիմի հրացանը ձեռին կռիվ պիտի գնար։ Ի՞նչ պիտի աներ, ո՞ւր պիտի գնար, ո՞նց պիտի կռվեր, փամփուշտը ո՞ր կողմից պիտի հրացանի մեջ դներ, չգիտեր։ Էսպես դմբրված կանգնել էր գյուղամիջում, երբ խմբապետը դուրս գալով հրամայեց, որ Կիկոսի էշը տանեն «աբոզի» համար, իսկ իրեն քշեն դիրքերը։
— Ի՛նձ էլ տարեք իշիս հետ, աղա՛,— կմկմալով ասաց Կիկոսը.— ինչ որ իմ էշը կանի, ես էլ էն, էս թվանքիցը խելքս բան չի կտրում։
— Ա՛յ դու ազգի դավաճան,— գոչեց խմբապետը,— ուրեմն դու չե՞ս ուզում վրեժխնդիր լինել. մի՞թե քո երակներում չի հոսում թորգոմյան արյունը։