Այս էջը հաստատված է

ինչ... — իրեն-իրեն մտքի թելը շարունակելով փնթփնթաց Կիկոսը։

— Ի՞նչ է պատահել, եղբայր Կիրակոս, ի՞նչ ես գանգատվում, սա պահեսցե, կնիկդ ի՞նչ է արել... էշդ կանգնացրու, մի վրեն նստեմ, հոգու վարձք ա, ոտս շատ է նեղացնում ինձ, սա պահեսցե, համ էլ պատմի տեսնեմ՝ էդ ո՞վ ա քեզ բեդամաղ արել։

— Թոկը՜շ, թոկը՜շ, տիրացու ջան, արի՛, արի՛ նստի ու սուրբ անգաճդ բաց արա, պատմեմ...

Ջինդար Սողոմոնը նստեց Կիկոսի իշին, իսկ Կիկոսն էլ իշի կողքն ընկած, պատմեց ջինդար Սողոմոնին, թե ինչպես իր կինը՝ Թազագյուլը տուն ու տեղը երեսնիվար գցած՝ այժմ շարունակ ինչ-որ ժողովների ետևից է ընկել, թե ինչպես իր տղին ու աղջկանն էլ խելքից հանել, կոմսոմոլ է շինել, թե ինչպես ուրացել է ժամ ու պատարագ, խաչ ու սուրբ, իր հալալ աշխատանքը թողած Սումբաթովանց Վանո-բեգի հողն է զավթել ու էսպես շատ բաներ։

— Մեղա՜... մեղա՜ քեզ, տե՜ր... սա պահեսցե,— գոչեց ջինդար Սողոմոնը մորուքը շփելով։— Ո՜վ դու դիվահալած Նարեկացի, ո՜վ դու չարքեր կապող Կիպրիանոս... սա պահեսցե, եղբայր Կիրակոս, աստված փախել է գյուղից, սատանան բուն է դրել անհավատների սրտում, պատվական կնիկդ՝ Թազագյուլը, դիվահար է դարձել, սատանայի ճանապարհով է գնում, սա պեհեսցե, գեհենի զոհ է դառնալու, հոգին այրվելու է սանդարամետի կրակում...

— Տիրացու ջան, մի ճար, մի հնար արա, տունս քանդվում ա, օջախս մուրտառվում,— սարսափած գոչեց Կիկոսը,— ես էլ եմ սատանական գործ գիդում էդ ամեն բանը, Թազագյուլս սատաներոց ա ըլել, տունս դառել ա սատանի բուն...

— Սավո՛ւղ, Սավո՛ւղ... — գոչեց ոգևորված ջինդարը,— սա պահեսցե, եղբայր Կիրակոս, գիր կանեմ, գիրկապ կանեմ, չարքերը կկաշկանդեմ, Գեղարդը կնկարեմ, Սավաղը դարձի կգա...

Կիկոսը թեև չէր հասկանում, թե ում մասին է խոսում ջինդարը, ինչ Սավուղ է, որի մասին նա առաջին անգամն է լսում, բայց հաստատ վճռեց իր մեջ, որ իրոք կինը