հար, այսահար է դարձել և խնդրեց ջինդարին, որ գիր անի։
— Ես քու ոտքի տակի հողն եմ, տիրացու ջան, ասա′, ի՞նչ անեմ, որ Թազագյուլս էլի տունը նստի, ձեռք քաշի գեղամիջից, կին-բաժնից ու Սումբաթովանց հողից։
— Սա պահեսցե,— ասաց ջինդարը,— մի տարուց ավելի է մատաղ չես մորթել, աստված վրեժ է լուծում, պատիժը կնգանդ ու երեխաներիդ գլխին թափելով․ մի մատաղ կխոստանաս, որ Վարդավառին, աստվածածնա տոնի օրը, Խաչի տակին մորթես։
— Ղաբո′ւլ եմ, ղաբո′ւլ եմ, տիրացու ջան, նոր ծնած հորթս խաչին ղուրբան...
— Սա պահեսցե,— շարունակեց ջինդարը,— Հիսուսն էլ այսպես նստած էր ինձ պես ավանակի վրա, երբ մտավ Երուսաղեմ ու հանդիպեց քեզ պես մի հավատացյալի, որին Զաքեոս էին ասում։ Սա պահեսցե, ով դու Կիրակոս-Զաքեոս, մատաղդ թող հաստատ լինի։ Հիմի քեզ խիստ պատվեր տամ, Թազագյուլի հետ չկռվես, հետը հանգիստ կխոսես, որպեսզի սատանան է՛լ ավելի չկատաղի, մինչև ես գիր կանեմ, կվերջացնեմ։ Իրիկունը Թազագյուլի մազերից մեկը կպոկես ծածուկ, որ չիմանա, քնած ժամանակ պոկի, կբերես երկու հավ, մեկը սև, մյուսը սպիտակ, սև հավը կմորթենք,նրա արյունը կխառնենք զափռանքի ու Թազագյուլի մազի հետ, սպիտակ հավի հրեշտակային անմեղ փետուրներից մեկը կպոկենք, գրիչ կշինենք և գիր կանեմ, սա պահեսցե, դու էլ կտանես, ծածուկ կկարես վրան, և ողորմությամբն աստծու; անեն ինչ կվերջանա...
Հասել էին ջինդարի այգուն։ Ջինդարն իջավ իշից, մտավ իր այգին, իսկ Կիկոսը ճամփեն շարունակեց, մտքում օրհնելով բախտավոր ժամը, որ հանդիպեց ջինդար Սողոմոնին։
Մինչև իրիկուն Կիկոսը հոգու անհուն բերկրությամբ ծրագիր էր կազմում, թե ինչպես պետք է մազը պոկի, ո՞ր հավն է բռնելու, որ ջինդարին դուր գա, և աղոթքը կտրուկ լինի։ Նա այնքան էր տարվել հրաշագործ ջինդարի անելիք «գրի» զորությունով, որ հաճախ գործը կիսատ թողած ձեռները վեր-վեր էր բարձրացնում, քթի տակ պարի եղանակով դնդնացնում, մինչև անգամ փորձ անում պարելու կամ