խռկեմ, որ իսկի դու էլ չիմանաս թե էդ ոնց էլավ»։ Ապա էշը գոմն անելով, մոտեցավ հավերի թառին, մի քանի հատ բռնոտեց, մոտեցրեց գոմի դռանը, դուռը մի քիչ ծերպ արավ, որ աստղալուսով սևն ու սպիտակը ջոկի։ Ուզած հավերը ջոկեց, ոտները կապեց, գցեց ախոռի մեջ ու մտքումն ուրախացած հանգիստ տուն մտավ։
Կիկոսի բախտը բանել էր։ Թազագյուլը գլուխը լվացել, մազերը սանրում էր։ Կիկոսն ուշի-ուշով հետևում էր, թե որտեղ է գցում Թազագյուլը սանրի հետ պոկված մազերի փունջը, ու երբ կրակն անթեղեցին ու քուն մտան, Կիկոսն օջախի կողքին մեկնվելով մոխրի միջից հանեց մի փունջ մազ ու գող կատվի պես, ոտների ծայրերին հենվելով, զգուշությամբ դուրս եկավ տնից։ Նա մտավ գոմը, հավերը դրեց թևի տակ, չուխի փեշով ծածկեց ու քայլերն ուղղեց դեպի ջինդար Սողոմոնի տուն։
Ջինդար Սողոմոնն «աղոթքի վրա էր», երբ ներս մտավ Կիկոսը։ Սև հավն իսկույն մորթվեց, որի արյունը մի խեցու մեջ հավաքեց ջինդարը, հետը խառնելով մի ինչ-որ հեղուկ, ապա սպիտակ հավի փետուրներից մեկը պոկելով ծայրը սրեց, Թազագյուլի մազերի փունջն էլ գցեց հեղուկի մեջ, խառնեց ու մի ծալմլված թղթի կտոր ծնկանը դնելով՝ հրամայեց Կիկոսին, որ առաջը չոքի ու վառած մոմը ձեռքին բռնած լույս անի։
Կիկոսն էս «սուրբ արարողությունից» հուզվել, շփոթվել, կաս-կարմիր էր դառել։ Նա չոքած տեղը քրտնել ու դողում էր, աչքը չհեռացնելով ջինդարի բերանից, որ ինչ-որ անհասկանալի բաներ էր մռթմռթում ու ծնկանը դրած թղթի վրա տարօրինակ դեմքեր ու պոզավոր մարդկանց գլուխներ էր նկարում։
Ծիսակատարությունը վերջացավ։ Ջինդարը գրված թուղթը եռանկյունի ծալեց, կարեց մի փալասի մեջ ու տվեց Կիկոսին։
— Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, ահա քեզ թել ու ասեղ, էս գիրը կտանես ու գիշերս կկարես Թազագյուլի շորից, այնպես ծածուկ, որ չիմանա, թե չէ գիրն իր զորությունը կկորցնի։ Սա պահեսցե, տե′ս, մարդու բան չասես, թե չէ՜... սա պահեսցե, սատանաներն ավելի կկատաղեն, և դու ինքդ