Այս էջը հաստատված է

էլ դիվահար կդառնաս։ Ահա՛, բռնի՛, հետդ տար սև հավի ոտներն ու գլուխը, դա խաչի բաժինն է, էգուց առավոտ հանդը գնալիս խաչի քարի առաջին կդնես, որ աղոթքս տեղ հասնի, խաչը բարեխոս լինի Մարիամ աստվածածնի առաջ... Մատաղը չմոռանաս։ Համբուրիր սուրբ ավետարանը, որ միակ պահապանն է հավատացյալների։

Ջինդարը Կիկոսին դեմ արավ սև կազմով մի փոքրիկ գիրք, որի վրա մի խաչ կար նկարած։ Կիկոսը երեսին խաչ հանեց, կռացավ, համբուրեց գիրքը և որ զարմանալի էր, արտասվեց։ Արտասվեց այն Կիկոսը, որի աչքերը մինչև այդ չգիտեին ինչ բան է արտասուքը։ Կիկոսը գիրքը համբուրելուց հետո ջինդարի ձեռքերն ու փեշերն էլ համբուրեց, հավի գլուխն ու ոտները դրեց գրպանը և թեթևացած սրտով դուրս եկավ ջինդարի տանից, կարծես կրծքից մի ջաղացքար էր ընկել, որը ծանրացած ճնշում էր մինչև այդ։ Իսկ սև հավը կրակի վրա դրած պղնձի մեջ քլթքլթալով եփում էր... ջինդարի համար։

Կիկոսը նախքան տուն մտնելն անցավ գոմը, գրպանից հանեց «գիրը», շոշափեց ու դառնալով իշին, որն ուրախացած քնքռստում էր, թե տերը խոտ է տալու, գլուխը շոյելով ուրախ տրամադրությամբ բացականչեց.

— Ճարը գտել եմ, է′շ ջան, հրես ձեռիս ա, կաց մի քու գլխիցը մի քիչ կախ տամ, որ քու միջի սատանեքն էլ կորչեն, թե չէ մին-մին սարսաղվում ես, դուզ ճամփեն թողած, քարերն ու ղռերն ընկնում...

Առավոտը Թազագյուլը ջուրը գնալիս զգաց, թե ինչպես թիկունքը հարում է մի ինչ-որ կոշտ բան։ Տուն դառնալով նա հանեց իր բաճկոնը և... օ՜, զարմանք, մի եռանկյունի «գիր» կարած էր մեջքին, չհասկանալով, թե բանն ինչումն է, նա, վազեց դեպի գոմը, որ Կիկոսին հայտնի, բայց Կիկոսը չկար։ Թազագյուլը պոկեց «գիրը», վազեց կոմբջիջի քարտուղարի մոտ, որը ժպտալով հայտնեց, թե ինքն արդեն գիտե այդ մասին։

Մարդ ուղարկեցին Կիկոսի ետևից, որին կես ճամփից ետ վերադարձրին, իսկ ջինդար Սողոմոնի տունը խուզարկելով տակնուվրա արին ու ինչ որ գրքեր կային, հավաքեցին, բերին գործկոմ։ Գիքերը փաթաթեցին, որ ուղարկեն