Այս էջը հաստատված է

կենտրոն, իսկ Կիկոսին ու ջինդար Սողոմոնին գոմը գցեցին, բանտարկեցին, որ հինգ օր մնան, մինչև կիրակին գա ու հասարակության առաջ պատմեն ամեն ինչ։

— Կնգա խաթեն որ ասել են, թամամ էս ա, ա′յ տիրացու Սողոմոն,— հառաչելով ասում էր Կիկոսը,— բա հիմի բանը ո՞նց պտփ ըլիլ...

— Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, չարը հետևում է մեզ. Ոսկյան ու Սյուքասյան նահատակներն էլ շատ տանջվել են չարի ճեռից, սա պահեսցե... Բայց, եղբայր Կիրակոս, ո՞վ է նրանց ասել, թե ես եմ գրել էդ «գիրը», նրանք ի՞նչ գիտեն, թե ես երկու հավ եմ ստացել քեզանից, դու մարդու բան ասե՞լ ես, սա պահեսցե...

— Իմ հոր արդար գերեզմանը վկա, թե ես մի իսանի էլ ա բան ասած ըլեմ, քու կշտիցը գնացել եմ իշիս կուշտը ու մենակ նրան եմ շանց տվել էդ «գիրը», թե էշս մարդու բան ա ասել, ես էլ ընհենց։ Համա... դու գիտե՞ս ոչ, թե էդ յաչեյկեքն ինչ ղայդի զադեր են, նրանք ամեն բան տեսնում ու լսում են. ես ի՞նչ գիդամ, թե հիմի էս գոմի աղբա ծակիցդ մինը անգաճը խլշած մեզ լսում չի՞... Լավն են ա տազ անենք, տենանք ինչով ա վերջանում, թե որ էս մի հետն էլ գլուխս թակելուց ազատեմ, թեկուզ տասը տարի էլ ղալա քաշեմ, վեջս չի, մենակ թե գլուխս, էսքան տարվա պահած գլուխս, թակել չտամ...

— Սա պահեսցե, եղբայր Կիրակոս, խորհրդային իշխանության ժամանակ մարդ չեն թակում, սա պահեսցե... Չեն թակում, բայց..․, սպանում են, գյուլլախորով անում... Քեզ կազատեն, իսկ ինձ... սա պահեսցե...

— Է՜հ, է՜հ... — հառաչեց Կիկոսն ու գլուխը դնելով ախոռի փայտին, կես քնի մեջ փնթփնթաց,— բալքի լավն էս ա՜...

Հինգ օրը հինգ տարու չափ դանդաղ անցավ։

Կիրակի էր։ Ողջ գյուղը հավաքվել էր Մինասի կալը։ Կենտրոնից մարդ էր եկել։ Գյուղացիք հետաքրքրվում էին և զարմանում, թե ինչու է կառավարությունը և կոմբջիջն այդքան մեծ նշանակություն տալի էդ չնչին, հասարակ, աննշան, «ոչինչ գործին»։