Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/10

Այս էջը սրբագրված է

տալիս, որ Զոհրապի գործունեությունը հագեցված է եղել բուռն պայքարով։

1908 թվականի պետական հեղաշրջումը Թուրքիայում շատ վտարանդիների նման, Պոլիս է բերում նաև Զոհրապին, որը արժանանում է «խանդավառ ցույցերու» ու անմիջապես նետվում քաղաքական գործունեության ասպարեզ և շուտով դառնում կենտրոնական դեմք հայ հասարակական կյանքում։

Զոհրապը, որ ազգերի համերաշխության ջերմ կողմնակից էր, ձգտում է համերաշխություն ստեղծել հատկապես հայ և թուրք ազգերի միջև, և նրա նախաձեռնությամբ կազմակերպվում է Պոլսում հրապարակային հսկայական ցույց՝ ժողովրդի լայն մասնակցությամբ, ուր նա հանդես է գալիս իր քաղաքական առաջին ճառով։

Զոհրապի հանրային գործունեության ամենաբուռն շրջանը 1908—1915 թվականներն են, երբ նա ընտրվում է Ազգային Երեսփոխանական ժողովի և թուրքական պառլամենտի անդամ: Ոգևորված 1908 թվականին հաստատված «սահմանադրության» փաստով, Զոհրապը շատ եռանդուն գործունեություն է ծավալում պառլամենտում և նրանից դուրս՝ երկրի քաղաքական, տնտեսական, իրավական և մշակութային կյանքի վերափոխման և զարգացման համար, ժողովրդի վիճակը բարելավելու գյուղացիների և բանվորների իրավունքների, բանվորական արհեստակցական կազմակերպություն ստեղծելու իրավունքի համար, ժողովուրդների եղբայրության, Թուրքիայի հպատակ ժողովուրդների, հատկապես հայ ժողովրդի պաշտպանության համար:

1908—1915 թվականներին Զոհրապը պառլամենտի անդամ է ընտրվում բոլոր ընտրություններում և ամենագործուն մասնակցություն է ունենում գրեթե բոլոր նիստերի վիճաբանություններին, հաճախ շատ ընդարձակ ճառերով։ Շատ հաճախ ընտրվում է պառլամենտական տարբեր հանձնաժողովների նախագահ կամ անդամ և հիացնում է իր՝ տարբեր հարցերի վերաբերյալ գրած տեղեկագրերով։ Հիշենք մի քանիսը պառլամենտում արած Զոհրապի առաջարկներից, ժողովների և միտինգների ազատություն, բանվորների միության և գործադուլի ազատություն, ռանտիեներին հարկատու դարձնել, իսկ ժողովրդի վրա ծանրացող ուղղակի և անուղղակի հարկերը թեթևացնել. գյուղացիների հարկերը թեթևացնել և այլն։


Զոհրապը պահանջում է այնպիսի տնտեսական քաղաքականություն վարեք, որ «ժողովրդին ստվար մեկ մասին թշվառության ու ընչազրկության պատճառ» չդառնա։ Առհասարակ նա պահանջում էր, որ կառավարությունը մտածի ժողովրդի մասին՝ առանց ազգային խտրականության։ «Կուզենք, որ ժողովուրդը Uահմանադրության ոգին ըմբռնե և անոր հարի,— ասում է նա,— բայց ահա երեք տարի ի վեր ոչինչ ըրինք ժողովուրդին համար...»

Զոհրապի պառլամենտական ճառերի մեծ մասը խիստ քննադատություններ էին ժամանակի կառավարության վարած քաղաքականոթյան՝ հօգուտ թուրքիայի բոլոր ժողովուրդների ընդհանուր շահերի և