Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/108

Այս էջը սրբագրված է

որով զինքը կը պաշարեր, այս մարդը կը հասկնար որ այդ անզգա տոպրակը իր տերը եղած էր միշտ։

Բ.

Հիմա միջակ հասակով, մորվոք, ալևորած մեկն էր Հուսեփ տղան որ վաճառականութենե, խանութպանութեն հետզհետե իջնելով իջնելով առուտուրի միջնորդությամբ կ՚ապրեր ալ. խանութե խանութ, դուռնե դուռ տանելով պասմաի ու ճերմակեղենի մատուցումներու և պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հավաքածոները։

Ո՞վ ըսեր էր որ աս երկուքին մեջ ներդաշնակություն մը կա. Հուսեփ աղան իզուր օրն ի բուն իր հաշտարարի դերը կը կատարեր, ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով թե ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին` թե իր վաճառքը պահանջած գինեն շատ պակաս կ՚ըներ. ո՛չ. երկուքն ալ կը համառեին և Հուսեփ աղան հուսակտուր ձեռնթափ կ՚ըլլար ալ. առևտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած ատենեն այնքան լավ կը ճանչնար, նորեն իր վրա, իր համեստ միջնորդի ապրուստին վրա ալ կ՚իշխեր ու փճացնել կը սպառնար զինքը:

Ո՜հ, թե որ մինակ ըլլար. ի՜նչ փույթ, բայց երկու աղջիկ զավակներ իրենց պատանության ամեն հրապույրներովը, ամեն պատրանքներովը իրեն կը նայեին, առջի մանկուհիները չէին, այլ խելահաս պատանուհիներ կյանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալություններով ծարավի:

Այս զավակները, իր բոլոր երջանկությունը, հիմա կը ճնլեին զինքը իրենց 14—15 տարու աղջկան անմեղության ժպիտովը, որ հանդիմանությունով լեցուն կ՚երևար իր հայրական աչքին։ Հանցավորի պես կը մտներ ներս, զրկանքներս դատապարտված այս երկու հոգիներուն առջև, մեղավորի նման գլխիկոր կը դառնար տուն, երեսին վրա միշտ պահելով զվարթության կեղծավոր երևույթը ու այս դիմայլակին տակ պարտկելով ապիկար ու շվարած մարդու կսկիծը։