Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/109

Այս էջը սրբագրված է

Գ.

Սկյուտարի բարձունքին վրա՝ Իճատիյեի կողմն է իրենց փոքրիկ տունը, ուր երկու հարյուր ղրուշ ամսական վարձքով կը բնակին երեքը, հայրը ու երկու աղջիկները, որոնց մայրը շատոնց մեռած է․ փողոցի վրա նայող փոքրիկ սենյակին պատեն կախված երիտասարդ կնոջ պատկերը անորն է. էրկանը աղեկ օրերուն մեռած էր կուրծքի հիվանդութենե մը, որ պատկերին մեջ տեսնվող սպիտակ ու անարյուն երեսեն կը գուշակվի։ Բայց իր հիշատակը կ՚ապրի և օր չըլլար որ իր խոսքը չընեն. գիշերները, երբ աղջիկները կը քաշվին, ամուսինը կը մնա դեռ իր վաղամեռիկ կնոջ պատկերին դեմը, անխոսուկ ու առանձին, ու իր ոսկեզօծ շրջանակեն նայող այդ անթարթ աչքերեն՝ աղքատացած վաճառականը քաջալերություն մը կ՚ակնկալե, գերեզմանի մյուս կողմեն սպասված զորավիգ մը։

Վասն զի բարոյական կորովը կը պակսի իրեն օր օրի. իր երբեմնի նյութական դրամագլխին պես, հիմա կը զգա որ սրտին քաջությունը կը սպառի ու կը հատնի քիչ քիչ։ Դես առտուները իր դողդոջուն ձեռքին մեջն է պայուսակը, զոր առանց ամբողջապես լեցնելու կը դառնա շատ հեղ. ու առտուն, նավամատույցին վրա, այն վաճառականներուն քով որոնք մուրացիկի մը ողորմություն տալու պես երբեմն գործ կուտան իրեն, կը սլքտկա, երբեմն կը համարձակի անոնց խոսքին խառնվիլ, կարծիք տալ, միշտ խոսողին նպաստավոր կարծիք մը։ Անոնց գծին վրա չի քալեր, այլ քիչ մը ետևեն, իր անբաժան պայուսակը ձեռքը, ու երբ պատահի որ առևտուրի մեջ մեկու մը երեսեն վնաս մը կրեն այդ մարդիկը, ինք անոնցմե ավելի կը զայրանա այդ մեկուն դեմ, խաբեբա ու խարդախ կը կոչե զայն, որ իր վաճառականին, այդ պատվավոր մարդուն ապրանքները շորթած էր ու ստակները չէր ուզեր հատուցանել։ Ուրիշ ատեն՝ անոնց զվարթ վայրկյաներուն՝ կատակներով, փոքրիկ սիրուն պատմություններով կը զվարճացներ, կը խնդացներ զանոնք, հետևյալ օրվան համար պզտիկ գործ մը շնորհվելու սպասումով։