Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/110

Այս էջը սրբագրված է

Դ.

Պասմաի ջոջերը կը քալեին տոտիկ տոտիկ, ճամփուն վրա խոսելով, իրենց ծախելիք ապրանքներուն հոգերովը բեռնավորված ամենքն ալ։ Պարսիկ վաճառականները, գլխավոր հաճախորդները, աչքերնին կը սկսեին բանալ, թահացած ու գունաթափ կերպասներու, կշիռեն ու չափեն պակաս ամերիքաններու վրա առջի շահերը չէին մնացած ա՛լ, և վաճառականները խնայողության նոր միջոցներ կը խորհեին, մաքսեն ետքը, գրասենյակի ծախքեն վերջը, միջնորդչեքները ծանր կը թվեին իրենց։ Ի՜նչ հարկ միջնորդի, անձամբ չէի՞ն կրնար առնել կամ ծախել ապրանքները, այնուհետև, ուրիշ պատճառներ կուգային զորացնել այս որոշումը. միջնորդը միջնորդ մըն է վերջապես և ոչ ապրանքին տերը, ոչ անոր արժեքը կրնա բացատրել տիրոջը չափ և ոչ անոր հոգը տանիլ միշտ, ու Հուսեփ աղան որ ետևնուն կուգար, իր սևցած պայուսակը ձեռքը, կը դողար հիմա։

— Հուսեփ աղա, քեզի համար չենք, կ՚ավելցնեին վաճառականները, դուն մեր մարդն ես։

Շունչ կ՚առներ խեղճ մարդը, բայց գործերը կը պակսեին, տվուրչեքը շահիլը տաժանելի տառապանք մը կ՚ըլլար nւ պարտքերը կը դիզվեին շուրջը, գյուղը, չարշին, ամեն կողմ։ Հագուստը տակավին մաքուր կոկիկ էր ու իր արտաքին տեսքեն ոչ ոք պիտի գուշակեր իր զարհուրելի անկումը։

Ու պայուսակը կը շարունակեր կրել ձեռքը, անօգուտ տարուբեր մը հիմա, բայց ամչնալով թողուլ, մեկդի նետել զայն, հուսահատությունը խոստովանիլ աշխարհքի առջև, վասն զի ի՞նչ պիտի ըսեր աշխարհք ձեռնունայն տեսնելով զինքը այսուհետև։