Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/114

Այս էջը սրբագրված է

փնտրեր այս շոգենավին մեջ. ո՞ւր պիտի երթար. չէր գիտեր իրա՛վ որ չէր գիտեր։

Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցավ. խոժոռ ու դաժան դեմքեր գտավ միայն որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց. քաջությո՛ւն, ըսե՛ սա երկաթե քացան խրոխտորեն բացող ու գոցող մարդուն որ զավակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն, ո՛չ, չկրցավ ըսել։

Շուկան թափառեցավ առանց բան մը ըսելու մեկու մը. խանութներեն ներս նայեցավ քիչ մը. հետո, ոսկերիչներու կրպակներուն դեմը կեցավ քառորդ ժամի մը չափ, ադամանդե զարդերու վրա զմայլած. իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմե, ու հիշեց որ իր երկու աղջիկները կը սպասեին իրեն։ Ժամը հարցուց։ Իրիկուն էր. այն ատեն վազել սկսավ. ուշ մնացեր էր. պարապ վարանումներու ու մեծսրտության ատեն չէր. հաց պետք էր ու պիտի ուզեր առջի դեմը ելլող ծանոթեն: Զարմա՜նք. ինքը որ այնքան շատ մարդ կը ճանչնար, անոնցմե մեկուն չէր հանդիպեր։ Սա դեմի կողմեն քալողը կը ճանչնար անշուշտ, ատենով իրեն մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարևը կտրած էին, իր աղքատանալեն ի վեր. սա մյուսը, որ արագ բայերով իր քովեն անցավ հիմա, ան ալ կը ճանչնար, ատենով երաշխավոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր առաջ մեճիտիե մը փոխ տալ մերժած էր և հիմա ալ փախչելու պես, երեսը պահելով իր քովեն կ՚անցներ։ Ծերուկ մը, մինակ, բարևեց զինքը. իրմե ավելի դժբախտ մը։

Կամուրջը հասած կեցավ. չկրցավ անցնիլ. տասը փարա չուներ, այդ պահուն զգաց որ բան մը կը պակսեր։ Ինքզինքը հարցուփորձեց ու պատճառը գտավ, պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձավ, վազեց, ի՞նչ ընելու համար։

Ը.

Ծովուն վրա կը ծփար, կ՚օրորվեր, կը տատաներ, կռնակին վրա պառկած, բոլոր հասակովը ջուրին երեսը. գեր մարդ մըն էր ասիկա, մեծ մեծ բացված, կարծես թե զարմացած աչքերով