Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/115

Այս էջը սրբագրված է

ու անթարթ, համառ նայվածքով մը դեպի երկինք՝ ուր լուսինը, իր տասնըհինգին մեջ, արծաթե կլոր ու հսկա դրամի մը պես կը փայլեր։

Ու մարդուն վզին սերտիվ կապված սև կաշիե պայուսակի մը մասը, ջուրեն դուրս մնացած, կը ծփար անոր հետ, ատեն ատեն գլուխը սուզել տալով քիչ մը դեպի վար. հետո այդ գլուխը վեր կ՚ելլեր իսկույն, ազատելու ճիգով մը պայուսակին ծանրութենեն։

Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կը նմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջ ալ զատված չէին իրարմե։ Կապը անեղծ կը մնար ամեն տեղ։ Քար լեցված այս կաշիե տոպրակը ալ պարպվելու վախ չուներ այսուհետև․ հագեցած ու կշտացած փորն էր, գիրգ և ուռեցվորած, իր տեղը՝ մարդոց թևին տակը չէր ուր այդքան տարի ծալլված, սեղմված ու շնչահեղձ մնացած էր, ո՛չ. այդ պայուսակը՝ իր անողորմ համառությամբը, իր հուսահատեցուցիչշ դատարկությամբը մարդոց ճիտին պարտքը կը մարմնացներ անշուշտ, իր ճշմարիտ տեղը, ուրեմն, անոր վզին վրա էր, ճիշտ հո՛ն ուր հաստատված էր հիմա։

Եվ երեսուն տարիե ի վեր, վտարվածի մը նման՝ որ առջի անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ՚ուրախան, քեյֆ կ՚ընե, ծովուն ամեն ծփանքին հետ՝ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կը գգվեր ու կը շոյեր։

<1892>