Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/116

Այս էջը սրբագրված է

ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ

Ա.

Տոքթոռ Վահանյան սովորական բժիշկ մը չէ. մարմնի հիվանդություններուն չափ ու, թերևս անոնցմե ավելի, հոգիի ցավերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկն է անիկա: Իր ըմբռնումին ու դատողության չափ՝ իր ներողության սահմանը ընդարձակ է։ Գիտության ֆոռմյուլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մեջ տափակցած ու չքացած միտք մը չէ:

Իր հմտության մեծությունը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգվածին չի նմանիր բնավ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երևույթը ունի։

Վաթսունի մոտ, մազը մորոլքը ճերմկած, տկարակազմ բայց զվարթախոս մեկն է տոքթոռը։

Մահվան դեմ՝ իր քառասուն տարվան բժիշկի մղած պայքարովը, մտերմություն մը հաստատած է կարծես անոր հետ, անոր ամեն դավերը ու խաղերը գիտե. անոր զարհուրելի, երբեմն հանկարծահաս ու երբեմն համեցող հարվածներում բոլոր գաղտնիքները ուսումնասիրած է:

Իր խոսակցությունը օգտավետ դասերով, ուղիղ դիտողություններով ու իմաստուն խորհրդածություններով կը վխտա: