Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/117

Այս էջը սրբագրված է

Անձնական փորձառութենեն ու հիշատակներեն ընդելուզված պատմությունները հետաքրքրությամբ մտիկ կ՝ըլլվին։

Քատըգյուղի իր տանը մեջ իրիկուն մը ժողվվեր էինք, և մարդոց համար ամենեն հետաքրքրական հարցումը մեջտեպ նետվեցավ հանկարծ։ Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենեն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակետով:

Հայտնված կարծիքներուն մեջ համաձայնություն չկար, առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայել կարդացեր էր և դալուկ ու նիհար կազմվածքի մը կը տենչար, թոքախտի հյուծումն է, ըսավ, էն գեղեցիկ մահը, երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռեվոլվերի գնտակն էր ուղեղին մեջ. ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենեն քիչ տանջանք տվող վախճան մը ըլլալուն վրա պնդեց. քլորոֆորմը երկու կուսակից գտավ։

Բնության ու գիտության հնարած բոլոր միջոցները զատ զատ քննվեցան ու քննադատվեցան. ամենքն ալ իրենց աղեկ ու գեշ կողմերը ունեին։

Տոքթոռը ինքը, մտիկ կ՝ըներ ամենուս, առանց բառ մը արտասանելու. վեճը կ՝երկարեր ու համաձայնության մը գալե հեռու էինք։

- Ես, ըսավ տոքթոռը, խոսքերնիս կտրելով, ամենեն քաղցր մահը տեսա, բայց չեմ կրնար պնդել որ ամեն անգամ մարդս կրնա զայն իր ձեռքին տակ ունենալ, մեկ հատիկ մահն էր ասիկա զոր, իմ տեսած հազարավորներուս մեջեն, ոչ միայն ամենեն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրոք քաղցրն ու երջանիկն էր։

Պատմություն մը ուներ լեզվին ծայրը. խելոք կեցած տղոք պես մտիկ ըրինք զինքը։

Բ.

Տասը տարի կա անկե ի վեր. բարեկենդանի գիշեր մը իմ գրացիներես մեկուն տանը մեջ երեկույթ մը կար. տիկին... անունը պետք չէ ձեզի, այնպես չէ՛, քառասունը հազիվ թևակոխեր էր, բայց երեսունըհինգ տարոլ չէր ցուցներ վրայեն.