Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/118

Այս էջը սրբագրված է

այն շատ հավնված ու շատ սիրված կնիկներեն մեկն էր որոնք սերունդը հետզհետե պակսելու, անհետանալու վրա է մեր մեջ. իր մասին պատմված առասպելներու վրա ամենեն առաջ և ամենեն շատ խնդացողը ինքն էր: Սուտ պարկեշտություններու, կեղծավոր կարմրություններու կինը չէր այն կինը. գլխեն մինչև ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան։

— Աղվոր կուրծք մը չունեցողները միայն de՛collete՛-ին թշնամի են, կ՝ըսեր խնդալով, և հոժարակամ կը պարզեր իր լանջքին կոհակները քոռսեին բացվածքեն։

Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթե տարիքով, հոր մը թույլտվությունները, ազատությունները թողած էր անոր։ Էն աղվոր երիտասարդները, էն շնորհքով մարդիկը իր շուրջն էին, թիթեռնիկներու պես դառնալով, երբեմն էրելով մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մեջ:

Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կը նախանձեին, կը չարախոսեին իր վրա. անոր համարձակ վարմունքը իրենց պարտըկված մեղքերուն, իրենց շինծու ամոթխածությանը դեմ պայծառ արևի մը հալածիչ լույսին, կը նմաներ խպնոտ ստվերներու վրա սփռված։

Ասոր հետ մեկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունեն, անոր երեկույթներեն, ուր էն աղվոր, էն զվարթ, էն նրբամիտ ընկերությունը գտնելուն ապահով էին։

Ատեն ատեն կը կանչեին զիս այս տունեն, տիկնոջ համար որ մարելիքի պես տագնապներ կ՝ունենար երբեմն։ Առջի քննութենես՝ սրտի հիվանդության մը հաստատ նշանները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բավականացեք էի ըսելով.

— Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստություններ։ Գլխավոր բանը քիչ մը հանդարտ կյանք վարելու պետքն էր. այս եղավ իմ պատվերս ալ. բայց ո՞վ մտիկ կ՝ըներ ինծի։

Օր մը նեղացա:

— Տիկին, ըսի, պարապ տեղը երթալ գալեն չեմ ախորժիր, քանի որ իմ պատվիրած բանս չեք ըներ, պետք չկա որ զի