Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/119

Այս էջը սրբագրված է

կանչեք ուրիշ անգամ. ավելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցեք, խնդրեմ։ Հիվանդս հասկցավ, և որովհետև մտքի ու սրտի տեր կին մըն էր, իսկույն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը որուն դեմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր։

— Ձեր աղեկության համար է իմ պահանջումս. չեմ կրնար առողջապահության բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին ավերումները տեսնել և լուռ կենալ, չեմ կրնար ձեդ չարգիլել այս կյանքը շարունակելե:

— Օր մը ավելի՜ ապրելու համար, տոքթոռս, պատասխանեց ինծի ժպտելով, որ մը ավելի՜ տառապելու համար. և բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կը պատրաստվեի արդեն, շարունակեց.

— Դուք, բժիշկներ, կյանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն այս հեք էակներուն կյանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չեք կրնար այդ կյանքը իր թարմության, իր գեղեցկության մեջ անայլայլ ու հաստատ պահել, ճերմկած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած միսի մը ավելի կամ նվազ տևողությունը նշանակություն չունի, կինը իր երիտասարդության, իր հրապույրներուն մեջ կրնա՜ք վար դնել, կեցնել: Չե՜ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթա հոսկե. իր պաշտոնը, իր կոչումը ավարտած է ան. ի՜նչ, կը պահանջես ձայնը մարած երգիչեն՝ որ սրահին վրա՞ կենա, մինչև որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը. կինը ծիծաղ մըն է, պետք չէ որ լացի փոխվի:

Հիվանդությունը կը սաստկանար, հեղձումները կը հաճախեին ու միշտ խուլ կը մնար անիկա իմ խրատներուս, և իր զբոսանքի, հաճույքի կյանքը անխափան կը շարունակեր: Տարօրինակ, բայց թերևս ամենեն ուղիղ ըմբռնումն էր իրենց աշխարհիս մեջ կնոջ մը դերին և կոչումին վրա։ Հույսը և Ուրախությունն էր ինքը և անձնուրաց արիությամբ մը կը բաշխեր իր կենդանությունը, իր շնորհը, իր հրապույրը, երբոր ինքը պետք ուներ ատոնց, Քոփեի մանիշակ ծախող աղջիկին պես.

Elle mourait dc I’hiver, en vendant la printemps.