Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/12

Այս էջը սրբագրված է

Գրել սկսել է Զոհրապը աշակերտական նստարանից, շատերի նման նախ չափածոյի մեջ փորձելով իր ուժերը։ Այդ բանաստեղծություններից երեքը, որոնք գրված են ժամանակի ավանդական ոճով, և նրա առաջին ու վերջին տուրքն են մի գրելակերպի, որի դեմ հետո այնքան հաջողությամբ պիտի պայքարեր նա, տպագրված են 1883—84 թվականներին։ Սակայն նույն 1884 թվին Զոհրապը հանդես է գալիս ծրագրային բնույթի, շատ բովանդակալից մի երգիծական ակնարկով՝ Չինական նամականի, որը արդեն վկայում էր հասունացող հեղինակի՝ իրականությունը սեփական պրիսմակով դիտելու, ինքնուրույն մտածելու ուժը։

Չինական նամականի ակնարկում Զոհրապի ոճը «իբրև հոգու զայրույթի բեկում», մեծ մասամբ երգիծական է, բայց դժվար չէ տեսնել, որ երգիծանքը այստեղ, Ա. Արփիարյանի բառերով ասած, «ցավ մը կը վարա գուրե»։ Այդ ցավը երիտասարդ հայրենասերի հոգին ալեկոծող վիշտն էր՝ իր ազգի դրության համար, և նա ցավով է արձանագրում ուրիշ երկրներում իբրև «ձանձրացուցիչ հյուր» գտնվող, իր սեփական գործերը «կարգադրելու բախտ»-ից զուրկ, «իր ապրած մթնոլորտին» հարմարվելու ստիպված, տարագիր ժողովրդի վիճակը։ Երգիծական հիանալի սրամտությամբ հեղինակը մերկացնում է նաև ժամանակի կյանքի ճահճացումը, Ազգային ժողովի անբովանդակ նիստերը, գաղութահայության այլասերման հակումը։ Այս ակնարկում հեղինակը առաջին անգամ արտահայտում է «բռնավորի» դեմ պայքարելու անհրաժեշտության միտքը։

Քննադատելով գաղութահայության կոսմոպոլիտիզմը, Զոհրապը փորձում է նույն մեղադրանքը տարածել ամբողջ հայության վրա՝ ասելով, որ «հայը՝ հոս ալ նույնն է ինչ որ է ամենուրեք»։ Մինչդեռ այդպիսի ընդհանրացումը իրավացի չէր։ Պայքարի կիրքը հեղինակին չափազանցության է տարել։ Բացի այդ, Զոհրապը, հավանաբար, նկատի է ունեցել Թուրքիայի հայության այն մասը, որը, ինչպես Պարոնյանը կասեր, «բարեխնամ կառավարության» ջանքերի շնորհիվ կորցրել էր իր մայրենի լեզուն և հայատառ թուրքերեն մամուլի ու գրականության միջոցով էր կապ պահպանվում նրա հետ:

Զոհրապի առաջին ծավալուն երկը՝ Անհետացած սերունդ մը վեպը, չնայած իր զգալի թերություններին, դարձավ նրա ստեղծագործական առաջին խիզախումը: Երիտասարդ հեղինակը այդ վեպով, որը ռեալիստական առաջին վեպն էր արևմտահայ գրականության մեջ, ցույց տվեց՝ մտածողի, իրականությունը գեղարվեստորեն դիտողի, հասարակական ուժերի հակընդդեմ պայքարը ըմբռնողի անուրանալի հատկություններ։ Վեպի մեջ հեղինակը փորձել է ներկայացնել ժամանակի երիտասարդության տարբեր հակումներ ունեցող կերպարներ՝ ժողովրդի հետ կապված, առաջավոր հայացքների տեր մտավորականի (Տիգրան), հարստության և կրոնամոլության բեռը թոթափելու ձգտումներ ունեցող մտավորականի (Սեդրաք), իրեն