Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/121

Այս էջը սրբագրված է

մարդու, կամ՝ ավելի ճիշտը ըսելու համար՝ իր գերազանցությունը գիտցող մարդու մը անխռով հանդարտությունը։

Աղջիկներու հետևեն չէր վազեր, երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթե հայրական ալքին։ Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կույսի մը մաքուր հոգին, այս կենցաղասեր մարդուն մեջ՝ ահա այս կերպ իր կյանքին հակասող ազնվություններ ալ կային: Իր ասպետական, կռիվով, հարձակումով բերդ առնող մարդու համբավին և սովորությանցը հակառակ էր տեսլական սիրո մը հեռանկարովը աղջկան մը սրտեն ներս սպրդիլ. այս Ոդիսևսի միջոցները իրեն չէին պատշաճեր։

Զրուցվածին նայելով՝ տարիե մը ի վեր տիկին *** ի մտերիմն էր, ու ամենքը, իրենց բոլոր չարախոսությանը մեջ անգամ, այս երկողքին միջև ճշմարիտ ներդաշնակություն մը զտեր էին որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալեն առաջ կուգար անշուշտ։

Դ.

Հիմա կը պարեին. այրերը իրենց պահանջումներուն անհամբերությունը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատույց մեղկությունը, խոլական գիրկընդխառնումներու, վետվետումներով անընդհատ շարք մըն էր այս ամենը։

Վալսին՝ տիկինն ալ ելավ այն երիտասարդին հետ որ իր խոսակիցը եղած էր գրեթե շարունակ, և պարողներուն մեջ այս եղավ էն շնորհալի զույգը։ Զմայլած կը դիտեինք զիրենք. պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը, եթերային ու ցնորական սլացում մը, հափշտակություն մը, քերթված մը ամբողջ:

Մյուս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զույգին շուրջը հիացած, հիացում որուն մեջ նախանձը իր արդար բաժինը ուներ։

Հանկարծ, սայթաքումի պես բան մը պատահեցավ, կինը իր բոլոր ծանրությամբը վար իյնալու պես եղավ, երիտասարդը մեծ ճիգով հաջողեցավ իր գիրկին մեջ բռնել զայն։