Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/122

Այս էջը սրբագրված է

— Ոտքը սահեցավ, կ՝ըսեին:

Ոչ, ավելի բան մըն էր, նվաղում մը ունեցեր էր:

-Հասե՛ք, տոքթոռ, պոռաց երիտասարդը:

Իսկույն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրա տեղավորեցինք զինքբ. հազիվ կրցավ աչքերը բանալ, անմիջապես տեսա սրտի կաթվածի բոլոր նշանները:

Ընդհանուր տակնուվրայության մեջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կը դառնար, օտարականները հեռացուցինք հյուրերը մեկիկ մեկիկ մեկնեցան. բայց դեռ սանդախներուն վրա անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին ավանդեց և գլուխը իր սիրած տղուն գիրկին մեջ, նույնիսկ իր բույնին մեջ նետահար սպաննված թռչունի մը պես, ժամանակ չձգելով որ դեղ կամ դարման մը ընեմ։

Այս եղավ ահա իր վախճանը, կյանքին բոլոր երանությունները միացած խտացած էին այն երկվայրկյանին մեջ ուր կյանքը կը թոզուր. ասկե ավելի երջանիկ մահ մը կրնա՞ք երևակայել, պատրաստել, շինել ձեզի համար։

Հիվանդություններու, ցավերու մեջ չտառապեցավ. ծերությունը չփճացուց իր շնորհները, պաշտելի ու պաշտված կինը մնաց մինչև վերջի վայրկյանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունված, իր սիրած տղուն թևին վրայեն գնաց հեռացավ անիկա։ Բաժակի մը պես որ կոչունքի մը սեղանին վրա, ցնծության մաղթանքներու, բախումներու մեջ կը փշրվի, փոխանակ դուրսը սպասավորներու ձեռքով, լվացքի աղտոտ ջուրին մեջ որ մը կոտրելու անհետանալու, այս կինն այ էն շնոհագեղ պատկերի մը մեջ գերագույն երջանկությունը զգացած ու պարգևած ժամուն անհետացավ։

<1900>