Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/124

Այս էջը սրբագրված է

Ռեժիի պաշտոնյաները կը խորհրդակցեին բռնության դիմելե առաջ, չափելով այւ տկարությամբ կազմված զորությունը զոր ահա պեղել, անցնիլ հարկ կ՝ըլլար մինչև սա տունին մուտքը, ուր ծխախոտի մեծաքանակ մթերք մը կար պատրաստ, ինչպես որ իրենց իմացուցած էին կանխավ. և իրենց վարձատրության հաշիվով շահամոլի ջիղերնին կը պրկվեր, աչվընին կը փայլեր ու նոր ջանք մը կ՝ընեին, ուսովնին ճամփա մը բանալու, քայլ մը ավելի մոտենալու համար այդ դեմի դրան, ուրկե հազիվ տասը քայլ կը բաժներ զիրենք:

Անդին՝ բազմությունը ա՛լ ավելի կը սեղմվեր, համբերությունը սպառելով, վերջ մը տալու պետքը զգացվելով երկուստեք. զայրույթը, հին ատելությունը՝ այս երկու տարրին մեջ, ավանդական, ճակատագրային բան մը երևան կ՝ելլեր բիրտ անկեղծությամբ։

Ծխախոտի հին խուզարկություններու, գրավումներու հիշատակը կուգար արծարծել մշտնջենական հակառակությունը, կռիվներու մեջ տրված առնված վերքերու սպիները կը բացվեին այս պահուս, իրենց շարավին հոտովը, թարմ արյունի բուրումովը զայրացնելով հատուցումի պետքը և կծու մարմաջը. հետո ամբողջ Յոքարը Մահալլեի մթերքը պահված էր այս խարխուլ տան մեջ, ամենուն հարստությունը, ամբողջ տարվան ապրուստը։ Եվ կը հաշվեին մինչև հիմա իրենցմե գրավված ծխախոտներուն քանակությունը, որուն կսկիծը՝ ամեն մեկուն համար զատ զատ, ծանր տուգանքներով, երկար բանտարկություններով սաստկացած էր։

Ամբոխեն՝ բերնե բերան խոսքեր, անցախոս բառեր կը սպրդեին ներս, պատվերներ, հրամաններ՝ փութալու, աճապարելու։

— Ծո՛, Հակոբոս, տե՛ երերա։

Ներսը կ՝երերային, կը շտապեին, ոտնաձայներ, կահ կարասիներու, մթերված ապրանքներու փոխադրության խուլ ջանքեր կը լսվեին, վայրկենական տեղափոխություն տանիքներու վրա, առաստաղներուն տակեն. և նեղ փողոցին մեջ հիմա ծխախոտի ուժգին հոտ մը կը ծավալեր, այնքան որ Ռեժմիին դետերը՝ հուսահատ՝ այս բոլոր կիները ցրվելու և կողոպտվելու