Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/125

Այս էջը սրբագրված է

Բ.


Երկու եղբայրներուն մեջ Հակոբոս՝ այինկաճիներու մեծը՝ անդրանիկն էր. սևաչվի, սևահեր երիտասարդ, ամառ ձմեռ պահելով իր մեղրագույն ապայե փոթուռն ու շալվարը, հաստ տոկուն կտավ որ դաշույնի հարվածներու կը դիմադրեր և զոր ցերեկները կը պտտցներ Իզմիտի չարշուին մեջ, զորավոր մարդերու հատուկ դանդաղ ու ծույլ քալվածքով։

Լեռներու զավակ, իր գյուղացի ի անձուկ միտքը բնավ չէր կրցած ըմբռնել Ռեժիի դրության նրբությունները, և իր բնական իրավունքին հենած՝ կը կռվեր ահա տասը տարիներն ի վեր, ճակատաբաց՝ փոխանակ հանցավորի մը պես պահվտելու. այինկաճիներու համբավավոր պետն էր ու դյուցազնը այնքան արյունոտ ծեծկվուքներու։

Այս երիտասարդն էր որ վկայության համար կանչված դատարանի մը առջև, իր արհեստը հարցված ատեն պատասխանած էր անփութորեն.

— Այինկաճի:

Հիմա ամենուն ծանոթ է ինք, զոր լերան մեջ ավազակը ու ճամփուն վրա ձիապանը կը ճանչնան, կը սիրեն, մեջքի դաշույնը, որուն երկաթը Պոլսեն եկած գնած է, Դամասկոսի դյուրաթեք երկաթ, վետվետող երան գներով, երբեք զուր տեղը փայլատակած չէ։ Ծառերը կը ճանչնան զայն, այնքան շատ իրենց կեղևին վրա Հ գիրը՝ իր երբեմնի դպրոցական կյանքեն մնացող միակ հիշատակը՝ փորագրած է, սրտնեղության, ձանձրույթի վայրկյաններուն մեջ։