Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/127

Այս էջը սրբագրված է

Ասդին՝ Իզմիտի ծովն է հետզհետե ամփոփված, նեղցած, սպառած, որուն տամուկ կապույտին մեջ լուսինը կ՚իջնե վերեն, կը թաթխվի առանց իր պայծառությունը, հստակությունը մազի չափ կորսնցնելու, և մանրուք ալիքներու տարուբերումին հետ կոտրտած հայելիի բեկորներ կը ձևացնե, որոնք իրարու կը կցվին, իրարմե կը հեռանան, կը ցրվին, նորեն միանալու ու նորեն բաժնվելու համար։

Հոս՝ քարահատակ ճամփան վրա՝ ձիեր ու շարք մը կը քալե հազիվ լսելի ոտնաձայնով մը, որ պայտերուն վրա փաթթված չուխայի կտորներով կը մեղմանա, ամբողջ կարավան մը ծխախոտ փոխադրող շրջակա գեղերեն. ու տասնի չափ տղաք կուգան քովեն հետիոտն, հրացանը ուսերնուն կախած, ատրճանակը մեջքերնին։

Հիմա լուսնին լույսը կ՚իջնա ասոնց գլխուն վրա շիտակ, լուսավորելով և մատնանիշ ընելով այինկաճիներուն խումբը, որ չի կրնար ինքզինքը պաշտպանել այս լույսի վտանգավոր ողողումին դեմ. և հուշիկ կը քալեն աղետի մը նախազգացումով, ծառի խարշափյունին. տերևի մը կծկումին ուշադիր, անձկությամբ լեցված, հետո կը վարժվին այս պայծառ լույսին որ զվարթություն կը բերե հետը, և կը խոսակցին մեղմիվ.

— Քանի՞ օխա թյություն վերուցին Մահալլեեն։

— Հարյուր քսան։

— Ո՞ւր է Հակոբոսը։

— Առջևեն կ՚երթա։

Միշտ առջևեն կ՚երթար, մինակուկը ամեն վտանգի դեմ, ձեռքը մեջքի դաշույնին բունին, խորհելով իր եղբոր հետ հավանական հանդիպումին ճամփու մը վրա, ու այս գաղափարին՝ զգալով կսկիծ մը, սուր ցավ մը որ սիրտը կը լեցներ, կոկորդեն կը բռներ և շնչահեղձ կ՚ըներ զինքը։

Պահ մը կը մտածեր թողալ այս կյանքը, այս մշտնջենական վտանգի արհեստը, որ հիմա եղբայրասպան հանդիպումներու զարհուրանքով կը լեցվեր, որ իր նշանածը հարս չեղած, զայն այրի թողուլ կ՚սպառնար ամեն վայրկյան. և գլուխը կախ կ՚երթար, մոռնալով կարավանը, որ կը հետևեր իրեն