Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/128

Այս էջը սրբագրված է

որուն պահպանության հոգը իր պզտիկ դաշույնին և իր մեծ այտին վստահած էին։

Անտառը կը մտներ, ու լուսինն ալ կը խոնարհեր կ՚իջներ իր բարձրութենեն անտառին ծոցը, ծառերուն սաղարթներուն երկարող վտիտ ընձյուղներուն վրա որոնք իր սկավառակին մեջ կը մխվեին, կարծես հոն անձնասպան ըլլալու համար նետվելով անտառին սուր ծայրերուն վրա, որոնք զինքը պիտի գիշատեին։

Հեռուն՝ լեռներեն իջնող ջուր մը երիզուտ ավազանի մը մեջեն վազելով կը խոխոջեր. գորտեր կը կռկռային, խռովելով գիշերվան լռությունը։

Առջի օրվան կորուստին կը խորհեր պահ մըն ալ, կը խորհեր գրավված ծխախոտին զոր չէին կրցած փախցնել, և միտքը եղբորը կ՚երթար ու ձեռքը՝ մութին մեջ ուժգին կը սեղմեր դաշույնին կոթը։

Դ.

Առջի իրիկվան դեմ Սահակ Պերճուհին տեսավ եկեղեցիեն վար, Մեյտանին մեջ, ու քովը գնաց փախչելու ատեն չթողլով անոր.

— Սրդողա՜ծ ես հետս։

— Ե՞ս։

— Բարևս ինչո՜ւ չառիր, բարևը աստուծո է։

Աղջիկը չխոսեցավ և հեռանալ ուզեց։

— Կեցի՛ր, ատեն մը կը սիրեիր զիս, եղբորս հետ չնշանված դեռ, կը հիշե՞ս աղբյուրին քով խոսածներդ։

— Ես եղբորդ նշանածն եմ, մի խոսիր հետս, ես այինկաճիի աղջիկ եմ։

Սահակ ձեռքը բռնել ուզեց ու աղջիկը քաշվեցավ ետ։

— Այդչա՞փ գեշ մարդ եմ ես… Եթե գիտենայիր որ մեկ խոսքովդ սիրտս կը բանամ սա դանակով. իմ սերս ամուր է աս երկաթին պես, քուկդ... ծառի մը ոստին պես ամեն դի կը ծռի, պզտիկ եղբորմեն մեծ եղբորը, Սահակեն Հակոբոսին կը դառնա։