Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Այս էջը սրբագրված է

Պերճուհի թողուց, որ ձեռքը բռնե. իր առջի բարեկամին ձայնը կը շարժեր զինքը. տեսավ որ արցունքի կաթիլ մը կը գլորեր անոր արևակեզ այտեն՝ մրոտած պերևեշտին վրա:

— Ո՞վ ըսավ որ քոլնի ըլլաս:

— Քեզի համար:

— Ես ալինկաճիի աղջիկ եմ։

Ու քիչ քիչ իրիկնամուտին ստվերներուն մեջ մտերմական նորեն, մշուշը պատեց իրենց առջի սիրույն վերադարձը. հետո Սահակ մեկնիլ ուզեց ու աղջիկը չթողուց այս անգամ:

— Կեցի՛ր, տե, քիչիկ մըն ալ:

Կեցան, չկրնալով համոզվիլ որ հարկ էր իրար թողալ, անցորդները պիտի գայթակղեին տեսնելով այս ժամուն այինկաճիին նշանածը սա քոլճիին քով. վախցան ու զատվեցան իրարմե։

Հիմա դեպի լեռը կ՚երթար դեռ հմայված, կրելով հրապույրը իր առջի սիրած աղջկան, որ եղբորը նշանածը եղած էր. այս հինգ վայրկյանի խոսակցութենեն վերարծարծված իր սերը կը զարհուրեցներ զինքը։ Քաղքին զառիվայր տուները հեռվեն թավալգլոր կործանումի մը տպավորությունը թողուցին իր վրա։ Ճամփան շարունակեց անտառին մեջ մխվելով հետզհետե. այս ծառերը իր պատանության, ուրախ զվարթ օրերու հիշատակները կ՚արթնցնեին մտքին մեջ։ Եվ անտառին վեհաշուք խաղաղությունը բարկացուց զինքը. վերեն՝ տերևներու բացվածքեն արծաթ շառավիղներ կը թափանցեին ներս, կ՚իջնային գետնի դալարիքին ու մամուռներուն վրա ուղղաբերձ լուսանյութ ծառի անթիվ կոճղերու պես, ձևադնելով երկու անտառ մեջ մեջի անցած, մեկը որ հողեն կը բուսներ ստվերամած գռուզ մազերու պես, ու մյուսը՝ երկինքեն եկող անհամար շողերու որ ադամանդե սանտրի մը նման անոր մեջ կը մխվեր։

Եվ փոխն ի փոխ այս մութ ու լույս, կարծր ու աննյութ գթծերու շարքը, որոնց մեջ կը քալեր հիմա, իր կյանքին անհարիր ճամփուն կը նմաներ ճիշտ, քանի մը ժամ առաջվան տեսակցությունը Պերճուհիին հետ՝ վերջին լուսավոր գիծն էր ուրկե անդին համակ աղջամուղջը կը տիրեր. եղբորդ նշանածը