Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/13

Այս էջը սրբագրված է

ծնած ու սնած ժողովրդին դավաճանողի (Խոսրով) և այլն։ Հարստության ու դիրքի հասնելու համար Խոսրովը նույնիսկ ազգային գործչի դիմակ է դնում և ցանկանում է վերացնել «Ազգային սահմանադրությունը», փակել «ազգային վարժարանները»։

Իր վեպում հեղինակը ըմբոստանում է՝ ազգային գործերում հակաժողովրդական տարրերի ոտնձգությունների դեմ, սոցիալական չարիքների դեմ, առաջադրում է անհատի ազատության, ներդաշնակ ընտանիքի, գրականության զարգացման պահանջներ, բողորում է հայ ժողովրդի ազգային գիտակցությունից զուրկ տարրերի ձուլմանը նպաստող գործոնների հատկապես ճիզվիթ կղերի և ճիզվիթական դպրոցի դեմ։

Իր երկրորդ վեպի՝ Նարդիկի գրությանը ձեռնարկեց հեղինակը 1891 թվին, երբ արդեն գրական որոշակի ուղի էր անցել։ Այդ վեպի վրա մեծ հույսեր էին դնում ժամանակի ռեալիստ գրողները, բայց նա չավարտվեց։ Ըստ երևույթին, Նարդիկում պետք է լայնորեն արտացոլվեր Պոլսի ժամանակակից կյանքը, վաճառականության աշխարհը, մամուլի և արվեստի աշխատողների առօրյան։ Գրված մասերի մեջ հեղինակը կերտել է մի շարք վաճառականների կերպարներ, մերկացրել նրանց գիշատչական էությունը։ Լավ է կերտված մանավանդ՝ թերթը խանութի վերածող լրագրողի ցայտուն տիպարը, ցույց է տրված տպարանի բանվորների թշվառությունը, որոնց հեղինակը անվանում է «աղքատության արձաններ»։

Մեծ կտավը չէր համապատասխանում Զոհրապի ստեղծագործական հոգեբանությանը, նրա ուժը իրականության ծավալուն պատկերման մեջ չէր այդ պատճառով էլ նրա վիպական փորձերը, փորձեր էլ մնացին, թեև Անհետացած սերունդ մը վեպը իր ժամանակին ունեցավ կարևոր նշանակություն։ Զոհրապի ուժը, իրականության գեղարվեստական ընկալման և պատկերման յուրահատկությունը խտացման մեջ է, հակիրճության մեջ։ Կենսական մի կոնֆլիկտ՝ սյուժետային իր հանգույցի, զարգացման ու լուծման գեղարվեստորեն լիովին պատճառաբանված փուլերով խտացնել մի քանի էջի մեջ, մի քանի հպանցիկ ուրվագրերով կերտել կենդանի կերպարներ անհրաժեշտ միջավայրի և գործողության մեջ, վրձնի մի քանի շարժումներով բացահայտել նրանց հոգեբանության էությունը, նրանց վարքագիծը իրենց տիպական դրսևորումներով, մի քանի բառով տալ մի ամբողջ երևույթի պատվերը,— ահա Զոհրապի գրելակերպի ուժը և վարպետությունը, որ դրսևորվել է ոչ միայն իր նորավեպերի, այլև փոքր տարազի իր կիրառած այլ սեռերի երկերի մեջ։

Զոհրապի ստեղծագործության պսակը նորավեպերն են, արվեստի այդ բյուրեղացումները, որոնք իրականության ստույգ վավերագրեր են և զգայական հարուստ ներաշխարհի ու փիլիսոփայող մտքի արգասիքներ,