Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/130

Այս էջը սրբագրված է

վաղը գուցե անո՛ր կինը...։ Իր միտքը պատող խավարը նվելի կը թանձրանար ու չլսեց կամ լսել չուզեց ձայնը որ խոթեն. հեռվեն պոռաց.

— Մի՛ զար առաջ։

Ինքը շարունակեց հառաջանալ, անփույթ, անտարբեր, ծիծաղելով այս մութեն եկող հրամանին վրա: Հանկարծ ձայնը որոտաց նորեն սուր, կտրուկ.

Կե՛լմե:

Անտառը կրկնեց հրամանը, թավ, հաստ ձայնով, ջանալով արթնցնել Սահակը, իրեն սպառնացող վտանգին անփույթ։ Հետո ավելի ուժգին ձայն մը, զոր Սահակ ճանչցավ, եղբորը ձայնը.

— Կրա՛կ։

Հրացանները պայթեցան տասը մեկեն, գնդակները սուլեցին իրենց կարմիր շավիղներով ծակծկելով շուրջի մթությունը: Սահակ կեցավ ծառի մը բունին կռթնած, խազամուծ մարդու մը խոնջենքով, դիտելով այս գնդակի թափթփուքները որ իր չորս դին ինկան ու զվարճացուցին զինքը։ Մեռնի՜լ. վախեցա՞ծ էր երբեք մեռնելե, և եղբորմեն եկող այս հարվածները փրկության մահ մը կը խոստանային իրեն, անոր ձեռքեն մեռնի՜լ. ի՜նչ հաճույք։

— Կրա՜կ, հրամայեց այինկաճիին ձայնը, կրկնվելով երկարելով անտառին խուլ ու մութ խորշերուն մեջ։ Ի՜նչ հաճույք եղբորը գնդակին հանդիպիլ, ու Պերճուհին...

Եվ գետին ինկավ Սահակ, կուրծքեն զարնված։

Ե.

Ռեժին ամսական թոշակ հատկացուց Սահակի ընտանիքին, այինկաճիներու հետ կռվի մեջ մեռնելուն համար, թոշակ մը զոր Հակոբոս կը ստանա տարին մը ի վեր, հորմեհետե մայրը մեռավ տղուն կսկիծեն։


Պերճուհին սևեր հագնող աղչիկ մըն է որ չամուսնանար, իր նշանը ետ եղավ առանց պատճառը հասկցվելու։

‹1892›