Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/132

Այս էջը սրբագրված է

Բ.

— Կը սիրե՞ս զիս:

— Այն ատեն միայն կրնամ ըսել երբոր դիմակդ վար առնես։

— Անկարելի է այդ։

— Գնա՛ քովես ուրեմն։

Կը վռնտեր. առանց քաղաքավար դարձվածներ փնտրելու, Արշակ կը վռնտեր այս կինը որ իր ցանկազարթույց ընկերությամբ եկած էր ընդմիջելու իր գաղափարի, խոկում ի մարդու պտույտը պարասրահին մեջ: Ինքը կը սոսկար այն կիներեն որ մունջ ու անխոսիկ մատուցում մը կը կրեն կարծես հրապուրիչ և ուշադրություն հրավիրող շարժումներնուն մեջ։ Կը վախնար անոնցմե. ինքը, լուրջ ու պարկեշտ տղա, սիրո հաճույքն ալ անոր պարկեշտ, գրեթե առաքինի հանգամանքին մեջ կը փնտրեր։

Այնպես կը հավտար թե այն կինը միայն կարող պիտի ըլլար սիրել որ զինքը մերժեր մինչև վերջը. այս տոմինոյին պես իր գիրկը նետվող կիներեն խորշած էր միշտ. զինքո չսիրող կինն էր որ իր իտեալ սիրուհին պիտի ըլլար։ Սերը՝ իր աչքին՝ տառապանքի մեջ էր միայն, այնպես որ դժբախտ ըլլալով կարծել երջանիկ պիտի ըլլար։

Իրոք ալ այնպես էր այս երիտասարդ երազատեսը. այն հազար ու մեկ կիներեն որոնց կրնար սիրտը շահիլ, և ոչ մեկին կապված էր. իր բարեկեցիկ վիճակովը երբեք չէր խորհած ամուսնության, և ոչ ալ այն վաղանցիկ հաճույքի ժամերուն, որոնցմե իր տարեկիցները չէին կրնար անցնիլ. ողորմելի