Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Այս էջը սրբագրված է

մարդիկ՝ որոնք կազմ ու պատրաստ երանություններով կը բավականանային:

Ինքը կը շրջեր փողոցները, դժվարահաճ արվեստագետի մը պես

Որ աչքն ի դարան և քիթն ի քամի,

ինչպես կ՚ըսեր Ռուսինյան, կամ որսորդի մը պես որ արյունարբու վագրի մը հանդիպելու երազովը երջանիկ կ՚ըլլա։ Այսպես կույս ու մաքուր մնացած էր իր սիրտը, սպասելով հազվագյուտ կերպով հրապուրիչ ու նույնքան անմատչելի կնոջ մը երևումին։ Թեև ճիշտ քսանըմեկ տարու էր հիմա, կապույտ, անուշ աչքերով, երկուքի ճեղքված երկար, շագանակագույն մազերով ու ազնվական երևույթով երիտասարդ մը։

Գ.

Այդ ըղձացած կինը ճանչցած էր օր մը. փողոցը հանդիպած էր երբեմն, սիգաճեմ ու խրոխտ կին մըն էր, նայվածք մը անգամ չշնորհելով բոլոր կանգ առնողներուն, բարև բռնողներուն իր ճամփուն վրա. մեկ հեղ, երկու հեղ ու քիչ քիչ ան տեղի տալի պետք մը դարձած էր անզգալաբար հետևիլ անոր ամեն կողմ։

Եվ հետաքրքրվելով՝ հետը տեսնվելու, տունը երթալու առիթը փնտրած ու գտած էր. իրեն պես դեռ քանինե՜ր կուգային հոդ, անմատչելի կուռքի մը առջև ծխող սպառող երիտասարդի սրտեր, բռնված այն անմռունչ հրապույրեն որ տիկնոջ խստահայաց բայց նշուլագեղ աչքերուն մեջ կը կարդացվեր:

Առաքինի կնիկ մըն էր, որուն կրնայիր ժամերով խոսիլ կամ հետը առանձին մնալ առանց մոռնալու թե իր ամուսնին հավատարիմ մեկն էր այս բարակամեջք ու առույգաբարձ գեղանի կինը որ իր թիկնաթոռին մեջ մարմնակործան կ՚ունկնդրեր քեզի, վառարանին դուռնեն ցոլացիկ լույսին նայելով միշտ։