Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/134

Այս էջը սրբագրված է

Դեղնած դեմքով տղաք կուգային երերուն քալվածքով, այս տաքուկ սրահին մեջ որ կարծես հիվանդանոց մըն էր տառապյալներու, որոնք ներս կը մտնեին գիշերվան ճաշեն ետքը թեթև հազով մը ընդմիջված բարևով, հոս՝ այս ջերմոցին գաղջ օդին մեջ կազդուրվելու, այս կնոջ տաք ու խոնավ նայվածքեն, անոր այրեցյալ գոտիեն իբրև թե կենդանություն փնտրելու համար։

Ու փալթոնին հանած, իրենց հագուստին վայելչությանը մեջ կը պարտկեին նիհար իրաննուն ցցվող ոսկերոտիքը, ու ձյունաթույր մաքուր շապիկի պարանոցին մեջ՝ վիզերնին, վտիտ, երկարած, մորթվելու ոչխարի սիրահոժար պատրաստականությամբ:

Դ.

Այս կինը ահա կը սիրեր երկու տարիե ի վեր, անոր համար որ անկե չէր կրցած սիրվիլ. իր երազը կ՚իրագործվեր ու երջանիկ էր. ճիշտ իր ուզած անգութ ու գեղեցիկ կինն էր դեմինը։ Հիմա առանց քաշվելու, երկու տարիե ի վեր հաստատված համարձակությամբ մը կ՚ըսեր անոր.

— Անկեղծապես շնորհակալ եմ զիս չսիրելուդ, եթե սիրեիր՝ շատոնց քեզ ձգած փախած էի. բայց տես որ այդ սիրուն ու խոժոռ դեմքդ պահելով կապեցիր զիս:

Ու կինը կը պատասխաներ ծանրությամբ, առանց երեսը նայելու, անթարթ ակնարկով մը դիտելով վառարանին դռնակեն ցոլացող կարմիր բոցը.

— Շատ կը վախնամ, որ մինչև վերջը այդպես կապված մնաս։

— Ուրեմն երբեք զիս չպի՞տի սիրես։

— Բնավ:

— Ոչ իսկ պզտիկ համբո՞ւյր մը։

— Մատիս ծայրեն անգամ չեմ տար։

Հետո խոսակցությունը կը փոխվեր. երբեմն պեզիկ կը խաղային կամ ընթերցում մը կ՚ըներ Արշակ, որովհետև այս