Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/135

Այս էջը սրբագրված է

կինը աղվոր ընթերցումները կը սիրեր, ու աչքը գոց, բոլորովին ընկողմանած իր աթոռին խորը, անուշ երազի մը մեջ կորսվածի պես կ՚ունկնդրեր անոր ժամերով:

Կես գիշերին կը մեկներ, տխուր ու երջանիկ միանգամայն այս սիրով որ ստվերի մը պես անշոշափելի էր։

Այս էր երիտասարդին բոլոր կյանքը, անկե զատ որևէ կին չէր զբաղեցուցած զինքը, ու պարահանդեսին մեջ պտտած պահուն դեռ այդ կնոջ պատկերովը լեցված էր սիրտը, երբ վարդե տոմինոն, առանց իր հոժարությունը առնելուք թևը կը մտներ ու տիրաբար կը քաշեր կը տաներ զինքը ուզած կողմը։

Ե.

Տոմինոն կը բռնանար:

Ամբողջ մարմինեն՝ մանիշակի զգլխիչ բուրում մը կը ծավալեր, չնչին կանխավճար այն ամեն թաքուն հրապույրներուն զորս այս հսկա վարդի թերթը կը պահեր իր ծոցին մեջ։

Պզտիկ խուցի մը մեջ նստեր էին քով քովի, ու տոմինոն՝ վաստակաբեկ կը հենուր իրեն, մինչդեռ վերը՝ պարասրահը կը գոռար, կը թնդար ցնծության թափերով, որպես թե քաջալերեր վերեն իրենց վարանող երիտասարդությունը: Ջերմությունը՝ անոր թևին դպած տեղը կ՚ավելնար, այրացի մը կը փոխվեր հոն, երիտասարդին շնչառությունը կը դժվարացներ, անոր անտարբերությունը կը վրդովեր։

Քոնյաքի փոքրիկ բաժակները կը պարպեին մեդմիվ, քամելով վերջին կաթիլը ու չուզելով կարծես բաժակը դատել բերաննուն. ամեն մեկ ումպին՝ մտածումներ կուգային իրենց միտքը, զորս կուլ կուտային անոր մեջի հեղուկին պես։ Ու երկուքն ալ արբած այս լռին առանձնութենեն, տաքեն, մանիշակի հոտեն, չէին խոսեր՝ ա՛լ հեղգացած, առջի ընդհարամին իյնալու, կործանելու պատրաստ կավե արձաններու նման, կորսնցնելով դիմադրության ույժը։

Վերը՝ աղմուկը կ՚ավելնար, կը սաստկանար, ոտքերու տրոփյունը՝ թատրոնին երկաթե ձեղունը կը ցնցեր տեղեն,