Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/14

Այս էջը սրբագրված է

ստեղծագործող և ոչ թե նկարագեղ արվեստագետի երկեր, այդ պատճառով էլ նրանց մեջ, իբրև ճշմարիտ արվեստի արտահայտոությունների՝ կա լույս և ժպիտ, կա գեղեցկության զգացում և հույզի գունեղություն, կա հոգու կրակ և վերանալու դրդում։

Մշտաժպիտ բանաստեղծությամբ լեցուն այդ նորավեպերը «թանկագին գոհարներ» են նաև նրանով, որ նրանց մեջ ձևը և բովանդակությունը միացել են զմայլելի ներդաշնակությամբ, որ դրանք գրված են՝ բազմերանգ, կյանքոտ ու հմայիչ ոճով, կառուցված են մաթեմատիկ ճշգրտությամբ և ճարտարապետական սքանչելի մտահաղացումներով ու գյուտերով։

Զոհրապը այն գրողներից չէր, որոնք իրենց առանձնարանի պատուհանից են դիտում կյանքը, նրա տարերքը հասարակությունն էր, կենդանի ու եռուն իրականությունը, որի մեջ նա խորամուխ էր լինում իր մտքի և հոգու բոլոր պահանջներով, որը պեղում էր իր բազմաբնույթ գործունեության ընձեռնած վիթխարի կենսափորձով։ Ահա թե ինչո՛ւ Զոհրապի համար գաղտնիք չէր ժամանակի իրականության, լայն շառավիղով վերցրած իրականության և՛ երեսը, և՛ աստառը, և՛ վերքերը, և դրանց հարուցիչները։ Այսպիսի հստակ մոտեցումով է Զոհրապը խորացել ժամանակի իրականության մեջ, արտացոլել ժամանակի սոցիալական երևույթները և դրանց անդրադարձումը կենցաղի ու հոգեբանության մեջ, ցույց տվել ժամանակակից մարդու անզորությունը քաղաքական և սոցիալական կրկնակի վանդակի մեջ, ցանկականի և իրականի խիստ հակադրությունը, սոցիալական սանդուխի առկայությունը և զոհերի տարբեր չափը այդ սանդուխի տարբեր աստիճանների վրա։ Իրականության այդպիսի ճշգրիտ և իրական ըմբռնումը թույլ չի տվել շեղվելու նրա ռեալիստական պատկերումից։ Սակայն Զոհրապը իբրև մեծ արվեստագետ նաև բանաստեղծ է։ Ահա թե ինչո՛ւ միևնույն իրականությանը, հաճախ միևնույն երևույթին նա մոտեցել է որ միայն իբրև պայքարող ու քննադատող հեղինակ, իբրև հանրախտերի թշնամի, այլև իբրև բանաստեղծ, և տվյալ իրականության գարշելիության կողքին գտել է նաև հայտնի ու թաքուն գեղեցկություններ, որոնք գունավորել է իր հոգու գեղեցկությամբ, իր սրտի բազմերանգ հույզերով, ինչպես վարվել են բոլոր մեծ արվեստագետները, գրող լինեն դրանք, թե երաժշտական, նկարիչ, թե քանդակագործ։

Զոհրապը գրել է շուրջ քառասուն նորավեպ, բայց դրանք գրել է քսանհինգ տարվա ընթացքում, և այս հանգամանքը, անտարակույս որոշակի նշանակություն է ունեցել նրա նորավեպերի ոչ միայն ձևի, այլև բովանդակության հարցում. ամեն մի նորավեպի մեջ նա հնարավորություն է ունեցել դնելու մտքի և հոգու երկարատև աշխատանքի կուտակումներ, երկարատև դիտողության արդյունքներ, լիովին մարսած ընկալումներ, հոգու բոլոր ակորդներով անցած, բյուրեղացած զգացումներ: Ահա թե ինչու Զոհրապի նորավեպերը կարելի է համարել մի մի վեպի միջուկներ։

Գրականությունը արժեք չունի առանց հասարակական բովանդակության, առանց հանրային գերի, որ արվեստի բուն նշանակությունն է։