Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/141

Այս էջը սրբագրված է

իր հիմակվան կյանքին պարապությունը մոռցնելու կը ծառայեր այս պահուն:

Նախ՝ իր համեստ դաստիարակի սկզբնավորությունը, սկզբնավորություն որ վերջ մըն է եղեր միանգամայն, վասն զի երբեք այդ համեստութենեն թիզ մը վեր չէր կրցած ելլել, հազիվ ձեռքը մինչև բերանը հասցնելով, նույնիսկ հիմա որ քսան տարվան ավագերեց մըն է ահավասիկ:

Շատ լավ կը հիշեր այն ատենի աղաները, ամիրաներ ամենքն ալ, մեծ մասը սարաֆներ, ոչ ուսյալ հարկավ, ոչ ալ կրթյալ մինչև անգամ, որոնց դիմացը փեշը փեշին բերելու ստիպված էր ամեն վայրկյան: Բայց ատոր քով հատկություններ որոնք վճռապես պատկառանք կ՚ազդեին և նժարը դեպի համակրության կողմը կ՚իջեցնեին։

Անոնցմե մեկուն մանավանդ՝ Սեդրոսյան Մկրտիչ աղային, որ ճիշտ այդ եկեղեցին կառուցած էր իր ծախքովը՝ դեմքը աչքին առջեն էր, նիհար, բարձրահասակ, երերացող քալվածքով մարդ մը, որ սրտմտության մը վայրկյանին դպրոցեն վռնտեր էր զինքը:

Պետրոս պատվելին, այս էր իր աշխարհականի անունը, տուն դարձեր էր այն իրիկուն, ամոթեն ու դողեն գունատած: Իզուր իր հեք կինը, իր զավակները միացեր էին մխիթաբելու համար զինքը ու չզգացնելու աղետին մեծությունը։ Հազիվ ամիս մը կար ավագ օրերուն, ու հեռվեն գալուստը զատկական տոնին՝ հիմա այրացավեր այս ընտանիքին վրա ահավոր ու սպառնացող խոցոտումի մը պես կը թվեր իր աչքին, ու չքավորության դատապարտված իր գոյության բոլոր դառնությունները երևան հանելու հատուկ դիտավորությամբ պատրաստված փորձություն մը:

Հաջորդ օրր դպրոց չկար, պզտիկ լաճերու անտանելի խաժամուժը իր գլուխը չցավցուց այլևս, բայց աղմուկին վարժությունը ուներ ու զրկանք մը եղավ ասիկա իրեն: Հետո ապրուստի ուրիշ միջոց մը գտնելեն հուսահատեցավ:

Ավագ շաբթուն քանի մը բարեկամներ եկան գտան զինքը- իր վիճակը հարցուցին. մեկը՝ խորհուրդ մը հղացավ. թե որ