Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/142

Այս էջը սրբագրված է

պատվելին խոնարհ, շատ խոնարհ լեզվով մը խնդրագիր մը ուղղեր աղային, կամ ինքը անձամբ անոր տունը երթար գործած պակասությանը ներում խնդրելու։

Իսկույն համոզվեցավ ասոր ու գիշերը լուսցուց գրելով. սրբագրեց ու ավրեց իր աղերսագիրը: Առտուն նորեն չհավնեցավ իր ոճին, ո՛չ, գթություն հրավիրելոլ համար պետք եղած բառերը գտած չէր. ու թե որ մերժումի մը ենթարկվե՜ր, երևակայեցեք անգամ մը, փճացում՝ իրեն և իրեններուն. գրավը՝ որ իր գրչին ծայրին կապված էր՝ ապշեցուցիչ համեմատություններ կ՚առներ։

Նվազ տենդոտ ժամվան մը հետաձգեց այս անիծած թուղթին գրությունը: Հանկարծ իրարանցում մը ելավ տանը մեջ. կինը, տղաքը դուռը վազեր էին։ Աղան ինքն էր որ սանդուխներեն վեր կ՚ելլեր իր սովորական ծանր ու երերացող քալվածքովը. պատվելին վազեց, դիմավորեց, հավտա՞ր չհավտար տեսածին. ի՞նչ դիտավորությամբ եկած էր։ Աղան հարցնելու ատեն չթողուց, քաշեց համբուրեց ու ճակտին տարավ հեք դաստիարակին վտիտ ու դողդոջուն ձեոքը:

— Պատվելի՛, ներե գործած հանցանքիս, ըսավ մեղմ ձայնով. ասանկ բեռ մը սրտիս վրա՝ ասանկ օրերու մեջ չուզեցի պահել, շատ կ՚աղաչեմ որ ներես ինծի. որոշեցի որ ես քու ոտքդ գամ։

Պատվելին հազիվ կրցավ ըսել.

— Ես խոնարհ ծառանիդ եմ միշտ, պակասությունը իմս էր։

— Այս ժամեն դպրոցը քուկդ է նորեն. գրագիրս քեզի հազար ղրուշ պիտի բերե որ զատկական ծախքերդ հոգաս, բայց կ՚աղաչեմ որ սրտիդ մեջ ինծի դեմ ոխ չպահես. հրաման տո՛ւր որ երթամ հաղորդվիմ։

Ո՜խ չպահել, հրամա՜ն տաք, ինքը որ պարզապես աղային ոտքը ձեռքը համբուրելու անդիմադրելի փորձությունը ուներ միայն։

Երբոր Սեղբոսյան Մկրտիչ աղան մեռավ, ինքը քահանա ձեռնադրված էր արդեն։

Շա՜տ ասանկ մանրավեպեր զորս կրկին և կրկին կը պատմեր: