Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/143

Այս էջը սրբագրված է

Գ.

Թաղական Խորհուրդին մեջ կարևոր նիստ կար այն կիրակի առտուն. թաղականները ամենքը ներկա էին: Ցած ձայնով կատարված կարծիքի փոխանակության մը մեջ ատենապետը մեկ-երկու չըսավ. առաջարկությունը ընդունելու կողմը եղավ:

— Ես անկեղծ կերպով իմ կարծիքս զուրցեմ... ես ժամը թաղելու կողմն եմ. ասանկ ատեն մը հարյուր հիսուն ոսկին կարևոր գումար մըն է. զանգակատունը փլչելու վրա է. ուրիշ շատ մըն ալ նորոգություններ կան. այո՛, գումար մըն է, անկեղծությամբ ըսեմ։

Միշտ անկեղծությամբ կը խոսեր այս մարդը, իր թաղականի ու հաշվի մարդու կրկին խղճմտանքը հաշտ էին իրարու հետ. իրոք այս աղքատ ժամուն համար հարյուր հիսուն ոսկին շատ մը օգուտներ պիտի ընծայեր. մյուս կողմեն տարտամ ու խուլ բան մը իր ներսիդիեն կ՚ըսեր որ ինքն ալ իր կարգին օր մը պզտիկ գումարով մը ժամու մր մեջ պիտի կրնար թաղվիլ. ինչո՞ւ չէ. մեծ ճարտարարվեստը ամեն բան աժանցուցած էր այս գարուն մեջ. եկեղեցին ալ պատվո և անմահության գիները իջեցնելու էր։

Մեռելին տերերը Խորհրդարանին մեջ պատվո տեղը բազմեր էին: Թաղական մը ննջեցյալին ժամու մեջ թաղվելուն դեմ առարկություն ըրավ. ասիկա փորձ խանութպանի հնարք մըն էր. միտքը հիսուն ոսկի մը էվել փրցնել էր միայն։

— Շիտակը ես ձեզի համակարծիք չեմ, ատենապետ էֆենտի. հանգուցյալը, աստված լուսավորե հոգին, աղեկ մարդ էր. մեռնող մարդուն վրա գեշ չզուրցվիր. բայց շատ թշնամիներ ուներ, թէ որ զինքը եկեղեցվույն մեջ թաղենք, զմեզ իրավամբ պիտի քննադատ են. տված դրամն ալ շատ չնչին է. չարժեր։