Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/145

Այս էջը սրբագրված է

գտներ. մտածեցեք որ օրին մեկը կարգը իր թաղումին պիտի գար ու հիմակուց սակագինը տոկալիք սահմանի մը մեջ պահել կը բաղձար:


Ատենադպիրը իր հաշտարարի դերը նոր զիջողությամբ մը վերսկսավ.

— Թող հիսուն ոսկի ավելի տան և խնդիրը փակվի։

— Երկո՞ւ հարյուր ոսկի։

— Կ՚ընդունինք, բայց ֆրանսական ոսկի պիտի տանք. դուք ալ մի՛ պնդեք. ժամանակ չկորսնցնենք. դեռ շատ մը ուրիշ կարգադրություններ ունինք. մահազդները անգամ ճենք տպեր։

Թաղականները խորհեցան որ թելը պիտի փրթեր, ճշտեցին սակայն, թյուրիմացություն չըլլալու համար, որ հուղարկավորության ծախքը այս գումարին մեջ չէր։

Պզտիկ դժվարություն մը որ դյուրավ հարթվեցավ՝ բակին մեջ գերեզմանին տեղը որոշելու առթիզ ծագեցավ. եկեղեցվույն դրան քով չէր ըլլար. աջ կողմի պատուհանին ու պատին մեջտեղը առաջարկվեցավ. բայց այդ տեղը աչքի առջև չէր. Խորհրդարանին ձախ կողմին վրա հարմարեցան։ Չնչին կետ մը մնացեր էր զոր ննջեցյալին տերերը հարկ սեպեցին հիշեցնել և զոր թաղականները իբրև անվիճելի իրավունք մը ճանչցան անմիջապես: Նորոգվելիք զանգակատան ճակատը հանգուցյալին անունը պիտի նշանակվեր վայելուչ հիշատակությամբ մը։

Երբոր ավագերեցը ներս մտավ, համաձայնությունը կատարյալ էր արդեն։

Դ.

Տասը հարկ շենքի մը բոլոր բարձրութենեն վար իջնող մեկը այնչափ տակնուվրա չպիտի ըլլար որչափ տեր Աբրահամ եղավ այս որոշումը իմանալուն։

Հռչակավոր ավազակը եկեղեցվո գրկին մեջ տեղավորվա՜ծ, դաշույն մը մխվածի պես։

Չէր բավեր կենդանությանը մարդոց միշտ տրամադրելի