Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/146

Այս էջը սրբագրված է

հարգանքները ու պատիվները գնելը դրամով և այնքան ավելի անձկությամբ որքան անարժան էր անոնց: Մահվընեն ետքն ալ այս կողոպտված փառաբանություններուն մշտնջենավորումը ու նվիրագործումը աստուծմե ծախու կ՚առներ։ Երբոր ազգականները գացին, քահանան թաղականներուն հետ խոսելու ատեն գտավ։

— Կ՚աղաչեմ, էֆենտիներ, այս բանը մի՛ ընեք, մեր ս. եկեղեցին մի՛ պղծեք։

Հեզ ու աղաչավոր ձայնով կ՚ըներ իր խնդիրքը։

Իրեն համար եկեղեցին՝ որևէ շենք մը չէր քարով ու կիրով շինված, եթե լեզու բերան չուներ, հոգի ու սիրտ մը կը կրեր միշտ, իր ծոցը նվիրական էր ու մուտքը հոն՝ անոնց միայն վերապահված որ անոր կսկիծները ու սուգերը կը զգան։ Ի՞նչ կը փնտրեր այս ննջեցյալը այդտեղ և ի՞նչ կը հասկնար ատկե. ասկե ավելի մեծ լլկում մը իր վճիտ ու նրբությանց անգիտակ խղճմտանքին առջև չէր կրնար պատկերանալ:

— Ի՞նչ ծառայություն ըրած է այս մարդը մեր եկեղեցվույն. քիչ մը դրամ առաջարկված է. բայց այս դրամը տվողը անգամ ինքը չէ. ժառանգորդներն են որ ստակ մը տալով իրենց ննջեցյալը հոս թաղել կը պահանջեն: Արժանիքի խնդիր մը կա հոս. գոնե իր անհատական կյանքը անբասի՜ր ըլլար. ինծի չիյնար վճիռ արձակել, աստված է դատավորը, բայց վերջապես մաքուր անուն մը չէ ձգած այս մարդը. ի՞նչ կըսեք, էֆենտինե՛ր։

Ի՞նչ ըսեին։ Ավագերեցը անիրավ չէր բոլորովին, բայց եկեղեցին միայն աղոթքով չապրիր. շենքը նորոգության կարոտ էր և զանգակատունը փլչելու վրա էր:

Մեծ փաստն էր ասիկա:

Տեր Աբրահամ չհուսահատեցավ. եկեղեցին իրն էր…մինչև հետին շունչը պիտի պաշտպաներ զայն։ Սև թիպեթե հովանոցը ձեռքը նավամատույց իջավ ու շոգենավ նստավ քարոզիչ եպիսկոպոսին քով երթալու համար։

Սրբազանը Գուզկունճուք գացեր էր քանի մը օր, իր քրոջը տունը։ Ուսյալ եկեղեցական մըն էր, փորձառությունով լեցուն: