Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/147

Այս էջը սրբագրված է

համոզված որ միմիայն ավետարանական ճշմարտություններով չի շարժիր աշխարհ, Իր կյանքն անգամ ասոր ապացույցն էր. տարիներ գավառները թափառելե վերջը իր հոտին ետևեն, խանգարված առողջությունը կազդուրելու համար Պոլիս եկեր անկյուն մը նետվեր էր ահավասիկ, ու պարտասումը կը զզար հիմա որ հանգստության մեջ էր այլևս: Իր երիտասարդ վարդապետի օրերեն մնացած ակնկալությունները ու թռիչները փճացել էին, ու կյանքի շփումեն՝ իր բոլոր մտավորական զարգացումը սկեպտիկ փիլիսոփայության մը վերածված էր, խավը թափած հագուստի մը պես:

Փոքրիկ սենյակին մեջ Հավատքն ու Թերահավատությունը դեմ առ դեմ կը ճակատեին այս վայրկյանիս:

— Բոլոր ըսածներդ կը հասկնամ, տե՛ր Աբրահամ, բոլոր հոգվովս կը հասկնամ ըսածներդ. բայց մտածենք միասին անգամ մը. այս մարդը կապակցություն ունի մեր շատ մը հարուստներուն հետ. զինքը վտարելը՝ ամենուն դեմ թշնամական փորձի մը պես մեկնություններու տեղի պիտի տա, այս կետն ալ աչքի առջևեն չհեռացնենք։

Ու տեսնելով որ ավագերեցը անդրդվելի կը մնա՝

— Ասով նպատակս նորեն մեր ս. եկեղեցվույն ծառայել է, արդեն ամենքը անտարբեր են եկեղեցականության հանդեպ, քիչ մը վերջը հայտնի հակառակության պիտի դառնան, ու երբ եկեղեցականությունը փճանա՝ կրնա՞ եկեղեցին կանգուն մնալ:

— Եկեղեցին հավատացյալներով միայն կանգուն կրնա մնալ, թե որ հավատացյալները պակսին, արդեն իսկ եկեղեցին ինկած կ՚ըլլա:

— Այդ ըսածդ աստվածաբանություն է, բայց իրողությունը տարբեր է. կրոնական համոզումները տագնապալից վիճակ մը ունին այս դարուս մեջ. զանոնք շատ առաջ վարելը նոր վրդովումներու տեղի կրնա տալ. խուսափինք ասկե, տե՛ր Աբրահամ, խուսափինք։ Պատմությունը կը հայտնե որ ամեն հասարակության մեջ դասակարգի զանազանոլթյուններ միշտ գոյություն ունեցած են և ասկե վերջն ալ պիտի մնան։ Մեր հասարակության մեջ ունևորը զատ դասակարգ մը կազմած