Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/149

Այս էջը սրբագրված է

ձևերով ու աղքատներուն հաց ու դրամ բաշխել կուտան, և հաջորդ առտուն կանուխ լրագիրները կը հաղորդեն մանրամասնությունները, փղձկելով այս մարդոց մեծվայելուչ բարեպաշտության վրա։

Միայն տեր Աբրահամ կը պահե իր շվարումը, քիչ մը ավելի ուսերը կքած, քիչ մը ավելի համր քայլերով կը քալե փողոցը, ավելի ուժով կռթնած իր մշտնջենական հովանոցին՝ կարծես գլուխը վեր չառնելու ու մարդոց երեսը չնայելու մտադրությամբ։ Ուշ կուգա առտուները եկեղեցին ու այնպես մը կ՚ընե որ չտեսնե ամբարտավան քարե շիրիմը որ կը խրոխտա և զանգակատունին ճակատը փալփլող ոսկի տառերը։

Քիչ ետքը անանուն հիվանդություն մը, որ հյուծում մըն էր ավելի քան թե մարմնավոր ախտ մը, անկողին ձգեց զինքը:

Ավագերեցը մինչև իր վերջին ժամը ալ եկեղեցին ոտք չկոխեց։ Ասիկա իր ցավը ու սփոփանքը եղավ միանգամայն։

<1908>