Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/15

Այս էջը սրբագրված է

Զոհրապի երկերը, գրեթե առաջին քայլերից, աչքի ընկան հասարակական հագեցվածությամբ և քննադատական ոգով։

Զոհրապի առաջին նորավեպի մեջ («Վարդապետին մականունը») չկա սակավին գեղարվեստական վարպետության անհրաժեշտ տիրապետումը, բայց նրա մեջ երիտասարդ հեղինակը պայքարում է իր սկզբունքների համար, ընդվզում «իրավունքը զորավորագունին» ըմբռնման դեմ, մեծատունները կողոպտչական գործնականի դեմ, մերկացնում է «եվրոպայի անառակ ու ազնվական երիտասարդաց» «կապիկներ»-ին՝ հայ բուրժուական երիտասարդության՝ իր ժողովրդից խորթացած մասին, որոնց համարում է «անօգուտ էակներ իրենց ազգին և համայն մարդկության համար»:

Իր երկրորդ նորավեպում («Կանանց բժիշկը») հեղինակը մերկացնում է ամիրայական և բուրժուական խավերի այլասերվածությունը, այլասերվածություն, որ ներմուծվում էր նաև ֆրանսական ոստանից։ Իսկ Ներսես հուզիչ նորավեպում նա ամբողջ էությամբ ձգտում է պաշտպանել թշվառ, չքված խավերի իրավունքները։

Այսպես, քայլ առ քայլ խորանում է հեղինակի հասարակական շահագրգռությունը, իրականության արատներն ու խոցերը մերկացնելու ձգտումը։

Բոլորովին այլ իրականության և այլ խնդիրների է անդրադարձել հեղինակը Այրին նորավեպում, ուր ցնցող գույներով և հուզական բարձր շեշտով պատկերել է հայ պանդուխտների վիճակը, նրանց մի մասի այլասերումը օտարության մեջ, որով հայրենի երկրի դատարկումը երիտասարդությունից, և հատկապես պանդուխտների կանանց ծանր դրությունը։

Այրին նորավեպից սկսած տեսնում ենք գեղարվեստական վարպետության ակնառու վերելք, հուզական շեշտավորմանը տիրելու, գեղարվեստական ամեն մի մասար (դետալ) ստեղծագործական խնդրին ծառայեցնելու հմտություն։ Իսկ Արմենիսա նորավեպից սկսած ուժեղանում է նաև բանաստեղծի ներկայությունը՝ քննադատող ռեալիստի կողքին, մի յուրահատկություն, որ այլևս դառնում է հեղինակի գրելակերպի կարևոր տարրերից մեկը և նպաստում երկի բովանդակության հարստացմանն ու գեղագիտական ներգործության ուժի ավելացմանը։ Սխալ չէ, ըստ երևույթին, այն պնդումը, որ Զոհրապի որոշ նորավեպերը հուշատետրից փրցված էջեր են։ Արմենիսայի այդպիսին լինելը խոստովանել է հեղինակը իր էջեր ուղևորի մը օրագրեն ճամփորդական նոթերի մեջ Երիտասարդ տարիներին, հունաբնակ Հալքին կղզում նա տեսնում է հմայիչ մի կին, որը գրավել էր նաև հույների ուշադրությունը և նրան անվանել էին Արմենիսա (հունարեն՝ հայուհի), բայց պարզվում է, որ Արմենիսան հայուհի էր սոսկ իր արտաքինով, որը, ի դժբախտություն իրեն, չէր կարող փոխել, իսկ ըստ էության նա ոչ միայն հայ չէր համարում իրեն, այլ ատում էր հայերին և այն ամենը, ինչ հայկական է։ Ֆրանսիան, մանավանդ Վատիկանը, որոնք դարեր շարունակ հետապնդել են հայ ժողովրդին, մասնավորապես իրենց կրոնական գործակալություններով,