Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/151

Այս էջը սրբագրված է

Բ.

Ճերմկոտիկ, վարդի թերթին վրա փակած շուշանի մը ճերմկությամբ, նրբահասակ աղջիկ մըն էր. մազերը իրենց անսովոր ոլ ծայրահեղ դեղինի մը սաստկությանը մեջ, գլխուն վրա ամփոփված, ինքն իր վրա գալարված ոսկեձույլ օձի մը մորթին շլացումը կուտային. այդ ոսկիի դեղինը կը շարունակվեր դեմքին վրա, կը ցանցնվեր հոն ալ։

Աչքին կապույտը այն կապույտն էր, որ անուն չունի, հալած, մարած լրջություն մը խորունկ, թափանցիկ ու վճիտ խավերով: Նիհար, նրբավարտ մատնեքեն, որ դաշնակի ձայնաշարին իշխելու կոչումը կը հայտնեին, դաստակը մսոտ՝ հետզհետե գիրնալով լեցուն ու հիանալի գիծով մը ուսին կը միանար։

Մոտայի ծովեզերքին վրա չորցած տերևներե ու գոսացած ոստերե ձևացած հովանիի մը տակ հավաքված աղջիկներեն մեկն էր աս, որոնց մեջեն ծանոթ մը կանչեր էր Սարգիս Ուղուրլյանը, երբ կանցներ քովերնուն։

Այդ կատակասերներեն՝ ամենեն լրջախոհը կը թվեր այս գեղուհին, որ զինքը կը դիտեր հիմա, իբրև թե մտացածին բաղդատություն մը ըներ իրեն ու բացակա մեկու մը մեջ, ու հանկարձ գոչեր էր երեսն ի վեր, համարձակ, առանց քաշվելու առաջին տեսակցության պարտք դրած զգուշութենեն.

— Ա՜հ, Ճոկոն է, Ճոկոն է, կ՚ըսեմ ձեզի։

Մյուսները համակարծիք կը թվեին իրեն, այո՛, ճիշտ ան էր. ի՞նչպես խորհած չէին մինչև հիմա. թե որ միտքերնին գար, շատոնց Սարգիսը ճանչցուցած պիտի ըլլային իրենց բարեկամուհիին։

Գարեջուրի գավաթներուն շուրջը կը խոսեին այսպես, խնդալով այս գյուտին վրա, թող չտալով որ երիտասարդը հեռանա.

— Կեցի՛ր, Ճոկո: