Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 1 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/152

Այս էջը սրբագրված է

Գ.

— Չեք գիտեր որքա՞ն կը սիրեմ ձեզի հետ տեսնել, կ՚ըսեր աղջիկը, երբ օր մը նորեն պատահեցան իրարու. ինչո՞ւ չեք անցնիր երբեմն մեր տանը առջևեն. եթե պատեհություն չունիմ խոսելու հետերնիդ, գոնե հեռվեն տեսնեմ ձեզ: Գիտեմ, ճամփանիդ պիտի երկարի քիչ մը, բայց չե՞ք ուզեր հաճույք մը պատճառել ինծի, զիս երջանիկ ընել գրեթե:

Սարգիս Ուղուրլյան կը շվարեր, իրա՞վ. ո՞ւրկե կու գար իրեն այս անակնունելի համակրությունը, ինքը՝ կյանքը տալու պատրաստ էր այս աղջիկին, և ան էր ահա որ իրմե առաջ, մեկդի ընելով պայմանադրական վեհերոտության մը կանոնները, սիրտը կը բանար, միամիտ պարզությամբ, ատեն չձգելով իրեն հայտնելու թե ինքն ալ խենթենալու չափ կը սիրեր այս աղջիկը:

Այդ օրը անճառ երանության օր մը եղավ երկուքին համար ալ։ Բաժնվեցան, ակամա, նորեն իրար գտնելու առաջադրությամբ։

Զմայլած կ՚երթար երիտասարդը չհավատալով դեռ լսածին ու տեսածին, հուշիկ քայլերով կ՚երթար, խիստ շարժում մը չընելու երկյուղով, վախնալով որ վաղանցիկ երազի դյութական շենքը հանկարծ չքայքայի։

Դ.

Այս աղջիկը ա՛լ մտքի սևեռում մը եղավ իրեն, նորամուտ և անհրաժեշտ պայման մը իր գոյության մեջ. մինակը լուծեց ու վերլուծեց այլ անակնկալ պարգևը, այս մտերիմ ու բարի սիրտը՝ որ իրեն անձնատուր կ՚ըլլար: Ո՛չ, տեղ մը չէր գտած այն տրտում ու քաղցր նայվածքը որ իրեն կ՚ուղղվեր ամեն հեղ, երբ մոտը ըլլար այս աղջկան, որ զինքը լուռ պաշտումի մը ակնածոտ գուրգուրանքովը կը շրջապատեր: Ինքը որ ուրիշ ամեն տեղ ձեռներեց ու զբոսասեր մեկն էր, կը խռովեր այս աղջկան մտածած պահուն. անոր ոսկեգիսակ ու ծանրակիր